ԱՄՆ-ն Ուկրաինային և Ռուսաստանին ցույց է տալիս խաղաղության «վերջնագիծը». Ռուբիո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Ուկրաինային և Ռուսաստանին ներկայացրել է խաղաղության հասնելու հստակ ծրագիր, սակայն դրա իրականացման համար անհրաժեշտ է երկու կողմերի համաձայնությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Սպիտակ տանը Թրամփի և Նորվեգիայի վարչապետի հանդիպման շրջանակում ելույթ ունենալիս։
«Մենք մեր գործընկերներին առաջարկել ենք պատերազմը դադարեցնելու կոնկրետ քայլեր։ Հակամարտությունը կարող է դադարեցվել, բայց երկու երկրներն էլ պետք է «այո» ասեն մեր մոտեցմանը։ Մենք նրանց ցույց ենք տվել ճանապարհը և վերջնագիծը. հիմա ամեն ինչ կախված է նրանց որոշումից», - ասել է պետքարտուղարը։
Ռուբիոն ասել է, որ վարչակազմը «բոլոր ջանքերը» կգործադրի փոխադարձ համաձայնության հասնելու համար։
«Մեր խնդիրն է ապահովել, որ կողմերը վերջապես ընդունեն առաջարկվող պայմանները», - ընդգծել է նա։
Պետքարտուղարը նաև ասել է, որ հակամարտության կարգավորման նոր բանակցություններ են նախատեսվում առաջիկա շաբաթավերջին։