Ոստիկանները ծեծում են, իսկ Անահիտ Ավանեսյանը՝ «բուժում»

Ոստիկանները փայլուն են գործում, շնորհակալ եմ նրանց․ զարմանում եմ իրենց ամուր ու պինդ նյարդերի վրա: Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Առողջապահական ոլորտից հասարակության մոտ դժգոհությունը նոր ռեկորդներ է սահմանում. Անահիտ Ավանեսյանը, ով հավանաբար ունի յուրահատուկ հումոր՝ նոր օրենքներ է ընդունում, որոնք ընդհանրապես չունեն որևէ պրակտիկ նշանակություն և օգուտ:
Աղամանների մասին օրենք կարող էր առաջարկել միայն յուրահատուկ հումորի տեր անձնավորությունը:
Ավանեսյանը, դատելով նրա կենսագրությունից, չի ավարտել ՆԳՆ ակադեմիաներ, ոստիկանության դպրոցներ, սակայն ոստիկանների կողմից ընդդիմությանն ու ՀՀ քաղաքացիներին ծեծելը համարում է փայլուն աշխատանք: Ոստիկանների կողմից ծեծված քաղաքացիներին տեղափոխում են Ավանեսյանի ղեկավարած ոլորտի հաստատություններ՝ հիվանդանոցներ:
Միգուցե այս տրամաբանությունից ելնելո՞վ է նա ոստիկանների գործողությունները գնահատում փայլուն. ինչպես ասում են` «պասերով»:
ՔՊ-ականների կադրային քաղաքականությունը նույնքան զավեշտալի է և աղետալի, ինչպես արտաքին քաղաքականությունը: ՌԴ-ին և ռուսական բոլոր նախագծերը քննադատած թիմը՝ քաղաքական խմբակը, այսօր դարձել է վառ ռուսամետ և քիչ է մնում Մոսկվայից եկող պատվիրակություններին ընդունի բալալայկա նվագելով և վարժեցրած արջեր խաղացնելով Զվարթնոց օդանավակայանում:
Վահրամ Բագրատյան