Գևորգ Պապոյանին պետք է նվիրել հեռուստացույց՝ ընդդիմության ցույցերին հետևելու համար

«Բոլոր երկրներում բյուջեի կատարողականը խորհրդարանական ընդդիմության համար լավագույն հնարավորություններից մեկն է իշխանության բացթողումները մատնանշելու, քննադատելու, որակյալ առաջարկներ ներկայացնելու համար, որպեսզի բարձրացնեն իրենց հեղինակությունը ժողովրդի մոտ: Սակայն մեր խորհրդարանական ընդդիմությունը նախընտրեց նարդի խաղալ և նմանատիպ բաներ անել Ֆրանսիայի հրապարակում՝ 2021թ.-ի բյուջեի կատարողականին մասնակցելու փոխարեն: Ինչևէ, ժողովուրդն իրենց ու բոլորիս լավագույն դատավորն է»։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:
Գևորգ Պապոյանը, հավանաբար, ինտերնետից չի օգտվում, քանի որ ընդդիմությունն արդեն երկար ժամանակ բոլոր հարթակներից՝ փողոցներից, հրապարակներից, կլոր-սեղան քննարկումների ֆորմատով քննադատում է ՔՊ-ական իշխանությունների տնտեսական, ներքին և արտաքին քաղաքականությունն ու կոչ է անում հեռանալ:
Պապոյանը պետք է ժամանակ առ ժամանակ միացնի հեռուստացույցը՝ համազգային ցույցերին հետևելու, այնտեղ հնչող քննադատությունները հաշվի առնելու և բլոկնոտում գլխավոր թեզերը ֆիքսելու համար: Ընդդիմությունը մատնանշում էր Փաշինյանի և թիմի վարած քաղաքականության աղետալի հետևանքների մասին նաև ԱԺ ամբիոնից՝ հավանաբար Պապոյանն այդ ժամանակ կամ ԱԺ-ում չէր կամ լսում էր ընդդիմությանը, սակայն չէր կարողանում հասկանալ:
Ընդդիմադիր ողջ պայքարը Պապոյանը փորձում է չնկատել՝ նրան հետաքրքրում է միայն նարդին՝ Փաշինյանը երևանյան փողոցներում խորոված էր պատրաստում և ուտում՝ այդ ժամանակ Պապոյանը չէր «նկատում» մանղալներն ու խորովածի ծուխը մայրաքաղաքի սրտում:
ՔՊ-ականները փորձում են քննադատել, պիտակավորել ընդդիմությանը՝ նրանք ունեն վախեր, որ շուտով ԱԺ-ում ոչինչ չանելու դիմաց աշխատավարձ ստանալու փոխարեն նրանք պետք է գնան և աշխատեն հարսանիքի թամադա:
Պապոյանն ունի մարկետինգի մասնագետի որակավորում՝ նա կարող է աշխատանքի անցնել ՔՊ-ական բիզնեսմեններից որևէ մեկի գործարանում՝ ռեզյումե ուղարկելով, օրինակ Խաչատուր Սուքիասյանին: Չնայած իշխանափոխությունից հետո Սուքիասյանը Պապոյանին անգամ մարկետոլոգ չի ընդունելու:
Վահրամ Բագրատյան