Պարոն Չախոյանի վարքագիծը խnւլիգանական տարրեր պարունակել է․ Սուրեն Գրիգորյան

Երևանի փոքխաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այսօր՝ Աշխատավորների ոչ աշխատանքային օրով, հարգելով մեր աշխատանքը, պատասխանեց մեր հեռախոսազանգին, բայց չցանկացավ պատասխանել մեր հարցերին՝ կապված երեկ Նոր Նորքի թաղաքապետարանում տեղի ունեցած խայտառակ միջադեպի հետ։
MediaHub-ի ջանքերը՝ ստանալ ՔՊ-ական փոխքաղաքապետի անկեղծ և օբյեկտիվ գնահատականը իրենց նշանակած և իրենց կոալիցիոն «քույր» կուսակցության անդամ թաղապետի՝ Տիգրան Տեր-Մարգարյանի ցուցաբերած փողոցային, խուլիգանական վարքագծի վերաբերյալ, գրեթե ապարդյուն անցան։ Բայց՝ գրեթե։
Գրիգորյանը մեր բոլոր հարցերին ի պատասխան՝ շարունակ կրկնում էր, որ ՔՊ-ն այս թեմայով երեկ հայտարարություն է տարածել, որին ինքը ավելացնելու բան չունի։ «Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարություն է տարածել, այս պահին դրան ավելացնելու բան չունեմ»,- ասաց Գրիգորյանը։
Նկատեցինք, որ այդ հայտարարության մեջ, որքանով որ հիշում ենք, որևէ դատապարտող բան չկա՝ ուղղված հենց թաղապետի գործողություններին, սակայն Գրիգորյանն ասաց․ «Ինձ թվում է՝ սխալ եք հիշում»։
Բայց, հակառակ դրան, չասաց, թե ինքը հիմա ուղիղ դատապարտո՞ւմ է թաղապետի վարքագիծը, թե՞ ոչ։ Կպատժվի՞, արդյոք, իրենց նշանակած թաղապետը ակտիվիստին ծեծելու և ցուցաբերած խուլիգանական վարքագծի համար հարցին ի պատասխան փոխքաղաքապետը նորից հղում արեց ՔՊ խմբակցության տարածած հայտարարությանը և չցանկացավ որևէ բան ավելացնել դրան։ Նա միայն նշեց, որ ՔՊ-ի տարածած հայտարարությունը շատ պարզ է և «բավականին միանշանակ դիրքորոշում արտահայտում է իրադարձության վերաբերյալ»։ Ու էլի չասաց՝ դա նշանակո՞ւմ է, որ բռնարար թաղապետը պատասխանատվության չենթարկվի։
Ցիտեցինք ՔՊ-ի տարածած հաղորդագրության մի հատված, որտեղ ասվում է․ «Հայհոյանքը, վիրավորանքը և բռնությունը՝ լինի դա հոգեբանական թե ֆիզիկական դրսևորմամբ, անընդունելի են։ Տարակուսանք է առաջացնում, որ իրավապահ մարմինների կողմից որևէ գնահատական չի տրվել, և համապատասխան գործողություններ չեն ձեռնարկվել դեռևս երեկ Նոր Նորք վարչական շրջանի շենքում դրսևորված ակնհայտ խուլիգանական վարքագծին, ինչի հետևանքով հնարավոր դարձան հետագա սադրանքները և դրանց հաջորդած բռնությունը»։
Եվ հարցրինք՝ սա արդյոք ուղղվա՞ծ է բլոգեր և ակտիվիստ Արթուր Չախոյանի դեմ, որ վերջինս, իրենց կարծիքով, խուլիգանական վարքագիծ է դրսևորել, և իրավապահները պետք է նախ նրա՞ գործողությունները կանխեին, ինչին ի պատասխան՝ Սուրեն Գրիգորյանն ասաց․ «Ես կարծում եմ, որ երեկվա իրադարձություններին գնահատական տրված է այդ հայտարարությամբ, բայց այն հատվածը, որը Դուք մեջբերեցիք, այո, վերաբերում է նախորդ օրը դրսևորած վարքագծին, այդ թվում՝ պարոն Չախոյանի, որը, իմ կարծիքով, խուլգանական տարրեր պարունակել է, բայց ես չեմ, իհարկե, անձանց արարքներին քրեաիրավական գնահատական տվող կամ չտվողը։ Որպես կարծիք՝ դա է մեր կարծիքը»։
Նա նաև նշեց, որ եթե ժամանակին այդպիսի արարքներին համապատասխան գնահատական տրվեր, երեկվա իրադարձությունները դժվար թե լինեին։ Իսկ տեղյա՞կ է, որ թաղապետն ինքն է առաջինը զանգել և հայհոյել ակտիվիստին, դա արդյոք նորմա՞լ է իր համար, ինչին ի պատասխան՝ Սուրեն Գրիգորյանն ակնարկեց, որ ինքն իր վարքագծով ցույց է տվել այս ընթացքում, թե ինքն ինչ դիրքորոշում ունի հայհոյանքի նկատմամբ, այսինքն՝ դեմ է հայհոյանքին։
Իհարկե, Գրիգորյանն, ի պատիվ իրեն, այս ընթացքում մշտապես դրսևորել է պատշաճ վարքագիծ՝ զերծ մնալով հայհոյանքներից ու փողոցային վարքուբարքից, ինչը, սակայն, չենք կարող ասել նրա շատ այլ թիմակիցների մասին։ Բայց այստեղ Սուրեն Գրիգորյանը նորից զերծ մնաց բովանդակային արձագանքից՝ նշելով, որ չունի արձագանք մեր դիտարկմանը։
Վահե Մակարյան