Եթե գերիները վերադառնան, ապա միայն հրաշքով․ Հայաստանի ղեկավարությունից վաղուց հույսներս կտրել ենք

Բաքվում պահվող հայ ռազմագերիների շինծու դատավարությունը դեռևս շարունակվում է։ Նրանց հարազատների հավաստմամբ՝ անընդհատ ու անիմաստ ձգձգվող կեղծ դատավարության վերջը չի երևում։
«Ամուսնուս հետ խոսել եմ երեկ, ձայնը շատ ցածր էր, խզված, երևի մրսել է, չնայած վստահեցնում է, որ լավ է։ Շատ ու շատ հարցեր մնում են անպատասխան։ Ի՞նչ իմանամ քանի հոգու ներկայությամբ է խոսում։ Հարցնում եմ՝ դատից ի՞նչ կա, ասում ա՝ «Խի՞ վերջանալու ա»։ Իրենք էլ ոչ մի բան չգիտեն։ Դատավարությունից հրապարակված լուսանկարներն եմ նայում, այնքան է ծերացել այս մեկուկես տարվա ընթացքում… Մենք ստեղ ենք տանջվում, իրենք՝ ընդեղ»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախից գերեվարված ու Բաքվում պահվող գերիներից մեկի կինը։
Ընտանիքը վրդովված է, որ շուտով Բաքվում կփակվի Կարմիր խաչի առաքելության գրասենյակը։
«Դա միակ միջոցն էր, որով մենք կարողանում էինք կարելիի սահմանում ինֆորմացիա փոխանցել և ստանալ մեր հարազատներից։ Հիմա եթե փակվի, ի՞նչ պիտի անենք։ Երեկ են զանգել Կարմիր խաչից, մարզից պիտի գանք Երևան, որ ամուսնուս տեսաուղերձը տեսնենք։ Երևի վերջին անգամ են նկարել»,-ասաց կինը։
Ադրբեջանում պահվող հայ գերիների ու պատանդների հարազատներն անհամբերությամբ սպասում և հավատում են վերադարձին։ Սակայն, ասում են, որ եթե պետությունը հստակ քայլեր ձեռնարկի՝ ապա վերադարձն ավելի շուտ կլինի։
Մեր դիտարկմանը, որ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն հստակեցրել և «Խաղաղության պայմանագրի» շուրջ որոշակի համաձայնությունների են եկել, և գուցե միայն դրանից հետո հնարավոր լինի գերիների վերադարձը, մեր զրուցակիցը բացառեց։
«Դուք հավատո՞ւմ եք, որ խաղաղության պայմանագիր է ստորագրվելու… թող ես սխալվեմ, բայց դա Ադրբեջանի հետ չի լինելու։ Մերոնք եթե գան, ապա միայն հրաշքով, կամ միջազգային ճնշումներով։ Թե չէ Հայաստանի ղեկավարությունից վաղուց հույսներս կտրել ենք»,- հավելեց նա։
Հունան Թադևոսյան