Անչափահասին 20 ժամ աշխատեցնելուց մինչև հղիներին աշխատանքից ազատել․ ինչպե՞ս է խախտվում աշխատողի իրավունքը ՀՀ-ում

Անչափահասին 20 ժամ աշխատեցնելուց մինչև հղիներին աշխատանքից ազատել․ ինչպե՞ս է խախտվում աշխատողի իրավունքը ՀՀ-ում

Մայիսի 1-ն Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է, որը նշվում է աշխարհի 142 երկրում: Առաջին անգամ տոնը նշվել է 1890թ. Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Նորվեգիայում և մի շարք այլ երկրներում:

Իսկ ինչպե՞ս են Հայաստանում վերաբերում այս տոնի հերոսներին, արդյո՞ք պաշտպանված են աշխատող քաղաքացիների իրավունքները։ MediaHub-ը փորձել է պարզել՝ զրուցելով Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի փաստաբան Քրիստինե Ավագյանի հետ։ 

Ըստ մեր զրուցակցի՝ Հայաստանում աշխատանքային իրավունքի առումով խոցելի են թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ, թե՛ երեխաները՝ կախված հանգամանքից, թե որ ոլորտում են աշխատում։

«Օրինակ՝ կանանց դեպքում հատկապես խոցելի շրջանը հղիությունն է, երբ անգամ հղիության վերաբերյալ տեղեկանքը տրամադրելու օրենսդրական մշակված հստակ ձև չկա։ Երբ կինն առձեռն գործատուին է հանձնում այդ տեղեկանքը, գործատուն ասում է՝ իրեն չեն հանձնել այդ տեղեկանքը։ Ու ծննդաբերության արձակուրդի ընթացքում այդ կնոջն ուղղակի ազատում են աշխատանքից։ Շատ կանայք պայքարում են իրենց իրավունքի համար, շատերն ուղղակի հետ են կանգնում»,- նշեց Քրիստինե Ավագյանը։

Նրա դիտարկմամբ՝ իրավունքների պաշտպանության տեսանկյունից խոցելի է նաև սպասարկման ոլորտում աշխատող անչափահասների վիճակը։ Դեպքեր կան, երբ նրանց ընդհուպ 20 ժամ աշխատեցնում են, ու դա էլ անում են առանց հավելյալ ժամերի համար նախատեսված աշխատավարձի կանոնները պահպահելու։

«Յուրաքանչյուր ոլորտում սպեցիֆիկ խնդիրներ են առաջանում, որոնք սեռ չեն ճանաչում։ Պետական ապարատում էլ, անկախ սեռից, մարդիկ աշխատանքը կորցնում են, երբ ղեկավար է փոխվում։ ՊՈԱԿ-ներում, գերատեսչություններում յուրաքանչյուր նոր ղեկավար բերում է իր կադրերին, և որևէ մեկը չի կարողանում պայքարել իր իրավունքների համար։ Մենք բազմաթիվ բողոքներ ունենք, զազրելի ավանդույթ է դա՝ ղեկավարը գնում է, գործազուրկ են դառնում նրա օրոք աշխատած հիմնական կադրերը»,- նկատեց մեր զրուցակիցը։

Մեկ այլ խնդիր էլ մասնավոր տիրույթում աշխատողներին չգրանցելը կամ նրանց աշխատավարձը մասամբ գրանցելն է։

«Բազմաթիվ դեպքերում աշխատողի իրավունքները խախտում են, բայց նա չի կարող բողոքել, քանի որ գրանցված աշխատող չէ»,- նկատեց փաստաբանը։

Քրիստինե Ավագյանը նշեց, որ նախորդ տարվա ընթացքում մի քանի հարյուր բողոք-դիմում միայն իրենք են ստացել այն աշխատողներից, որոնց իրավունքները խախտվել են գործատուների կողմից։

Նարե Գնունի