Մի օր կընկնես հեծանիվից, մարդ չի լինի կողքիդ, որ ձեռքդ բռնի, բարձրացնի

Մի օր կընկնես հեծանիվից, մարդ չի լինի կողքիդ, որ ձեռքդ բռնի, բարձրացնի

Լուսանկարը` արխիվից

 

«2018 թվականից «նոր Հայաստանը» քայլ առ քայլ սկսեց խզել կապերը սփյուռքյան կառույցների հետ։ Նախկինում հայ երիտասարդները, որ Գլենդելում հասարակական մեծ ներուժ են ներկայացնում, հայրենաճանաչողության նպատակով՝ տարբեր ծրագրերի շրջանակում ամեն տարի ամռանն այցելում էին Հայաստան։ Հիմա էլ գալիս ենք, բայց հայրենիքում մեզ օտար ենք զգում։ Ինտեգրման կարիք ունեն հատկապես պատանիները»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Միացյալ Նահանգներում բնակվող, հասարակական գործիչ Լենա Մարտիրոսյանը։

Վերջինս իր մտահոգությունը հայտնեց, որ Հայաստանի կառավարությունը, իր խոսքով, «սփյուռքի հետ ջերմ հարաբերությունների մեջ չէ»։

«Մինչդեռ, սփյուռքը լավ պոտենցիալ է հայրենիքի համար։ Մեզ հաջողվել է այստեղ պահել մեր հայկական կոդը և ինքնությունը։ Ոգեկոչում ու տոնում ենք հիշատակի և տոն օրերը, տարբեր դեսպանատների և հյուպատոսարանների դեմ ցույցեր և անհնազանդության ակցիաներ ենք իրականացնում հայրենիքի համար։ Այդպես ուշադրության կենտրոնում ենք պահում Հայաստանն ու հայկական հարցը։ Մի ամբողջ տարի պատրաստվում ու սպասում էինք գալ հայրենիք։ Ամեն տարի մենք մեծ խմբերով գալիս և այցելում էինք Հայաստանի և Արցախի տեսարժան վայրեր, հանդիպումներ ունենում մեր հասակակիցների հետ, մասնակցում ճամբարների, բացահայտում երկիրը, մարդկանց, մտքեր փոխանակում, իրար ձեռք մեկնում, նոր գաղափարներ կյանքի կոչում։ Բայց, ցավով եմ նշում, որ վերջին տարիներին մեր հասցեին միայն մեղադրանքներ են հնչում։ Մենք մեր ցանկությամբ չենք ԱՄՆ-ում ծնվել, բայց լավ, որակով կորիզ ենք, որի ներուժը այլևս պետք չէ Հայաստանին»։  

Լենան նաև նշեց, որ 2018-ից ի վեր Ամերիկայի հայկական համայնքից իշխանության հասցեին որևէ «թթու» խոսք չի հնչել։ Պարզապես իշխանության գալուց հետո Հայաստանի ղեկավարությունը, արդեն 6 տարի է, սփյուռքյան կառույցների, այդ թվում երիտասարդական հասարակական կազմակերպությունների հետ չի համագործակցում։

«Հեծանիվ են քշում... Մի օր կնկնես հեծանիվից, մարդ չի լինի կողքիդ, որ ձեռքդ բռնի, բարձրացնի։ Մենք մտահոգված ենք մեր հայրենիքի ապագայով։ Բայց քանի դեռ մենք ամեն օր պառակտվում ենք, դեռ հաղթանակ չի լինելու»,- եզրափակեց նա։

Հունան Թադևոսյան