Շատ վտանգավոր է ընդունել Թուրքիայի օրակարգը, և հարց է՝ ինչի՞ դիմաց է դա արվում. պատմաբան

Շատ վտանգավոր է ընդունել Թուրքիայի օրակարգը, և հարց է՝ ինչի՞ դիմաց է դա արվում. պատմաբան

Այս օրերին ուշադրության կենտրոնում է Հայոց Ցեղասպանության թեման: Բանն այն է, որ իշխանությունները կոչ են անում ապրել «իրական» Հայաստանում, մասնավորապես, Փաշինյանն ԱԺ-ում ասել է․ «Պատմական Հայաստանի մեր տեսլականը մեզ միշտ կառաջնորդի Ցեղասպանության թակարդը»։ 

Եվ ահա նախօրեին, Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում կիսվել է տեսահոլովակով, որտեղ նա ՔՊ կուսակցության քաղաքական դպրոցի շրջանակում «Հայաստանի Հանրապետության սոցիալական հոգեբանություն» թեմայով դասախոսություն է կարդում, որի ընթացքում նա չի օգտագործել «ցեղասպանություն» բառը, այլ օգտագործել է «Մեծ աղետ» և «հանցագործություն» եզրույթները։

Սրան զուգահեռ հիշենք նաև կարկառուն ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը Հայոց ցեղասպանության զոհերի անուն-ազգանունները հավաքագրելու մասով, և պատկերը, կարծես, ամբողջանում է:

Արդյո՞ք ՀՀ իշխանություններն ուրանո՞ւմ են Հայոց Ցեղասպանության ճանաչումը, արդյո՞ք սա նշանակում է, որ Թուրքիան նման նախապայման է առաջ քաշել հարաբերությունների կարգավորման համար, և Հայաստանը պետք է հրաժարվի պահանջատիրությունից: Այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանի հետ։

«Ցեղասպանությունը ճանաչելու կարիք չունի, այն էլ մեր կողմից:  Ցեղասպանությունը պատմական փաստ է, այդ ցեղասպանության արդյունքում մենք կորցրել ենք մեր հայրենիքի լավագույն մասը։ Իսկ Թուրքիան կարող է, բնականաբար, շատ բաներ պահանջել, և այդ պահանջները նոր չեն, Թուրքիան միշտ էլ փորձել է վիճարկել այս պատմական իրողությունը, փորձել է պատմական կեղծարարությամբ զբաղվել»,- ասաց Հովհաննիսյանը։

Ըստ պատմաբանի՝ շատ վտանգավոր կլինի, եթե «մենք Թուրքիայի կողմից առաջ քաշած խաղի ու օրակարգի մեջ մտնենք, որովհետև պարզ չէ, թե դա ինչի դիմաց է արվում, բայց և առհասարակ, ցանկացած բանի դիմաց էլ վտանգավոր է, երբ դու հրաժարվում ես պատմական անցյալից, ազգային ողբերգությունից»։

«Ցեղասպանությունն ընդունելու կամ չընդունելու խնդիր չունի, դա պատմական փաստ է, ճանաչված անգամ միջազգային հանրության կողմից։ Այն էլ Հայաստանի կողմից ճանաչել-չճանաչելու խնդիր չկա: Անգամ զավեշտ է այդ հարցը մեկնաբանել կամ նման օրակարգ ունենալը, իրենց է այդ հարցը պետք ուղղել, ու կապ չունի՝ ինչ պաշտոն կամ հանրային դիրք ունի հայտարարողը»,- ասաց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, ՔՊ կուսակցության քաղաքական դպրոցում Փաշինյանը 1915 թվականի իրադարձությունների համար «ցեղասպանություն» բառի փոխարեն օգտագործել էր «Մեծ աղետ» և «հանցագործություն» բառերը: 

Ի դեպ, ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանն այսօր հայտարարել է, թե «Սա Փաշինյանի ծրագիրը չէ, սա իմ անձնական մոտեցումն է»։

«Ցեղասպանության ենթարկվածների ցուցակների ամբողջականացման մասին հայտարարությունն իմ անձնական մոտեցումն է, քաղաքական որոշում չկա: Ես կասկածի տակ չեմ դնում ոչ Ցեղասպանության փաստը, ոչ էլ 1.5 միլիոնի թիվը, պարզապես իմ մոտեցումն է, որ հավելյալ փաստերով հարստացնենք եղած տեղեկատվությունը»,- մասնավորապես ասել է Քոչարյանը «Ազատության» հետ հարցազրույցում: 

Մարիաննա Արամյան