Եթե անգամ Մոխրաթաղի տունս մոխրացած լինի, նորից կկառուցեմ․ Աղավնիի որդին պատերազմի վախից կորցրել է խոսելու ունակությունը

Եթե անգամ Մոխրաթաղի տունս մոխրացած լինի, նորից կկառուցեմ․ Աղավնիի որդին պատերազմի վախից կորցրել է խոսելու ունակությունը

Վահեի ու Աղավնիի ընտանիքը 2019 թվականին Դիլիջանից Արցախ տեղափոխվելու և այնտեղ մշտական բնակություն հաստատելու վճռական որոշում կայացրեց։ 

Բնակության համար ամուսիններն իրենց 4 երեխաների հետ ընտրեցին Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղը։ Այնուհետև այնտեղ ունեցան ևս 2 երեխա։ 2023-ին ստիպված մյուս հայրենակիցների պես բռնեցին գաղթի ճամփան, եկան նորից Տավուշ, այս անգամ սահման՝ Բարեկամավան։ 

«2020-ի պատերազմի ժամանակ էլ մեզ տարհանեցին։ Եկա Հայաստան, այստեղ եմ ծնվել ու մեծացել, բայց սիրտս կանգնում էր, ուզում էի րոպե առաջ գնալ Մոխրաթաղի մեր տուն։

Պատերազմը ավարտվեց, իմ ընտանիքը առաջիններից մեկն էր, որ գնաց Արցախ։ Դժվար էր հետպատերազմյա իրավիճակում, բայց ոտքի կանգնեցինք նորից»,-MediaHub-ի հետ զրույցում պատմում է Աղավնի Խաչատրյանը։ 

2023 թվականի սեպտեմբերի 19-ի կեսօրին Վահեն անտառում էր, գնացել էր փայտի, իսկ կինը տանն էր՝ երեխաների առօրյայով։ Կռիվը սկսվեց ու վայրկյանների ընթացքում տարածվեց։ Մեկ օր ու ամբողջ գիշեր արկակոծության ձայնը չէր լռում։ Աղավնին ասում է, որ այնքան մոտ էին խփում, որ երեխաները վախեցել են, իսկ ահա 5-րդ որդին վախից կորցրել է խոսելու ունակությունը։ 

«Փառք Աստծո՝ երեխաներս առողջ են, լուրջ խնդիր ոչ ոք չուներ։ Բայց պատերազմի վախից 4 տարեկան երեխաս խոսել չի կարողանում։ Նոր-նոր նորից սկսել է բառեր արտաբերել։ Մենք ապաստարանից դուրս էինք եկել, հաց էինք թխում, որ կրակեցին մեր գյուղի «վիշկային» ու «ասկոլկաները» թափվեցին մեզանից ոչ հեռու։ Բարեբախտաբար, ոչ մեկիս ոչինչ չեղավ»,-հիշում է կինը։ 

Աղավնին ափսոսում է, որ Արցախը շատ սիրելու գինը թանկ էր։ Բոլոր ընտանիքների պես իրենք ևս ստիպված էին զրկանքների միջով անցնել։ 

«Հանուն ինչի՞, ես էլ չգիտեմ։ 9 ամիս սովահար մեզ տանջեցին։ Լույսը՝ ժամով, կապը՝ խափանումներով։ Սա էլի ոչինչ, բայց երբ գիտես երեխաներդ սոված են ու դու ի վիճակի չես կերակրել, ուզում ես մեռնել»,-անցած գնացած օրերի հիշողությունները MediaHub-ին ներկայացնում է Աղավնին։ 

Բազմազավակ մայրը նեղացած է աշխարհից, որ այնտեղ՝ Արցախում հայրենիք ունենալու երազանքով կյանքի ու մահվան համար հավասար կռիվ էին տալիս թե՛ մեծերը և թե՛ փոքրերը, բայց բոլորը լուռ էին, հետո էլ մեղադրական իրենց խոսքում՝ Հայաստանին ու Ադրբեջանին նույն հարթության վրա են դնում։ 

«Որովհետև չեն տեսել կամ չեն ուզում իմանալ, թե ինչ է կատարվել։ Երբ գյուղը խուճապի մեջ էր, որովհետև րոպեներ առաջ ասացին, որ պիտի դուրս գաք, ադրբեջանցի զինվորականներն արդեն գյուղի տարածքում էին։ Արագ-արագ պատրաստվեցինք՝ ո՛չ վառելիք կար, ո՛չ ճանապարհի համար ուտելիք։ Մենք դեռ գյուղի տարածքում էինք, երբ թշնամին արդեն մեր տներում էր։ Ի՞նչ կանեին, եթե 2-3 րոպե ուշանայինք, պատկերացրի՞ք»։ 

Ամուսնու ոչ սարքին մեքենայի մեջ տեղավորվել են միայն ինքն ու երեխաները։ Մի վառարան տեղափոխել են գյուղացիներից մեկի կցորդով մեքենայում, որ ճանապարհին հնարավորության դեպքում վառեն, կարտոֆիլ եփեն։ 

«Մի քիչ կարտոֆիլ եմ վերցրել ու գիշերը սև ալյուրից պատրաստված հաց։ Երբ հասանք Հակարի կամուրջ, սկսվեց մղձավանջի 2-րդ փուլը։ Զինված ադրբեջանցիները զենքը պահել են մեր վրա, թե բա՝ դուք մի իջեք մեքենայից, իսկ ամուսնուս տարան։ Սպասեցինք, սպասեցինք, չի գալիս։ Երեխաներս լացում էին, իրենց հորն էին ուզում։ Որոշ ժամանակ անց բաց թողեցին, հարցաքննում էին»,-ասում է մեր զրուցակիցը։ 

Աղավնիի ընտանիքը եկել է սահմանամերձ Բարեկամավան։ Ասում է՝ սա իր հերթական վճռական քայլն է, որ ապրի այստեղ՝ թշնամու դիրքերից ոչ հեռու։ 

«Հիմա ամբողջ Հայաստանն է վտանգված, միայն Տավուշը չէ։ Ես էլ չարչի չեմ, որ մեկ այստեղ ապրեմ, մեկ այնտեղ։ Եկել եմ ու մնալու եմ։ Մարդիկ այստեղ լավն են, գյուղապետ Գարիկ Աբազյանն էլ միշտ մեր կողքին է, օգնում է մեզ ինչով կարող է։ Չզարմանաք, բայց առաջին հնարավորության դեպքում նորից գնալու եմ Մոխրաթաղ, եթե անգամ տունս մոխրացած լինի, կկառուցեմ»,- հավելում է մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան