Հայոց ցեղասպանությունը հենց այսօրվա Հայաստանի հետ կապված իրողություն է․ թանգարանի տնօրեն

Հայոց ցեղասպանությունը հենց այսօրվա Հայաստանի հետ կապված իրողություն է․ թանգարանի տնօրեն

ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը, օրերս խոսելով Հայոց ցեղասպանության մասին, ասել էր, թե «Ցեղասպանության հետ կապված ամեն ինչ ունենք՝ թանգարան, գիտաժողովներ, գրքեր, դոկտորական աշխատանքներ, բայց պետք է ունենալ այդ միլիոնուկեսի ազգանունները՝ որտե՞ղ, ո՞նց, ի՞նչ պայմաններում կոտորվեցին, որպեսզի դա լինի շատ թիրախային»։

Նրա այս հայտարարությունը շատ քննարկվեց ու քննադատվեց։ MediaHub-ը այս թեմայով կապ հաստատեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի հետ՝ լսելու նրա տեսակետն իշխանական պատգամավորի արած հայտարարությունների վերաբերյալ։

«Ծանոթ չեմ այդ հայտարարությանը, բայց ասեմ Ձեզ, որ զոհերի և վերապրածների մասին տեղեկություններ հավաքելը մեր գործունեության մի մասն է կազմում, ու մենք նաև ծրագիր էինք գրել, որ ուզում ենք հատուկ ավելի լուրջ այդ հարցով զբաղվել՝ որքան հնարավոր է շատ տեղեկություններ հավաքել զոհերի և վերապրածների մասին»,- ասաց Էդիտա Գզոյանը։

-Իրատեսական համարո՞ւմ եք, որ հնարավոր է գտնել այդ մարդկանց վերաբերյալ տեղեկություններ հիմա։

-Իհարկե, իրատեսական է գտնել, բայց դա տարիների աշխատանք է, ես Հոլոքոստի թանգարանի օրինակը կարող եմ բերել, իրենք արդեն մի քանի տասնամյակ զբաղվում են այդ զոհերի անունների փնտրտուքով և նրանց մասին ինֆորմացիա գտնելով, ու արդեն երեսունից ավելի տարի է՝ դեռ ամբողջական ցանկը չեն կազմել։ Այսինքն՝ հնարավոր աշխատանք է, բայց շատ մեծ աշխատանք է, ու տարիների աշխատանք է պահանջելու։

-Կարծիք կա, որ սա Թուրքիայի պահանջն է, որ իրենք են ասում՝ եթե ցեղասպանվել են, անուն-ազգանունով ասեք՝ ովքեր են այդ մարդիկ, և հիմա իշխանությունների վարած այս քաղաքականությունը հենց Թւորքիայի պահանջի շրջանակներում է։ Ի՞նչ կասեք այս մասով։

-Անուն-ազգանուն տալով կարիք չկա այդ թիվը հստակեցնել, որովհետև այդ թվերը, որ մենք ասում ենք, արդեն Հայոց ցեղասպանությունից հետո անմիջապես, երբ եղել են կոնֆերանսներ, հանձնաժողովներ, որոնք զբաղվել են պատերազմական հանցագործություններով, արդեն այնտեղ զոհերի թվեր են նշվել, որոնք այդ ժամանակ արդեն ընդունվել են որպես հստակ թիվ։ Ու ասեմ նաև, որ Հայոց ցեղասպանությամբ զբաղվող ցեղասպանագետների մոտ թվի վերաբերյալ կոնսենսուս կա, այսինքն՝ իրենք գտնում են, որ զոհերի թիվը մոտ մեկուկես միլիոն է։

-Ամեն դեպքում՝ Թուրքիայի պահանջի մասով ի՞նչ կասեք։

-Անկեղծ ասած՝ ես չեմ կարող ասել, թե դա ում պահանջն է, բայց որպես գիտնական, որն այդ հարցով զբաղվում է, որևէ մի ցեղասպանության դեպքի հետ կապված՝ չեմ կարող ասել, որ հստակ անուն-ազգանունների պարագայում ինչ-որ մի որակում տրվել է կամ չի տրվել։ Այսինքն՝ դա այնպիսի մասշտաբի հանցագործություն է, որը գործ ունի տասնյակ հազարավոր, միլիոնավոր զոհերի հետ, և միշտ չի հաջողվում անուն առ անուն իդենտիֆիկացնել։ Բացի այդ, տարածքային առումով էլ չի եղել հայերի տիրապետության տակ, որպեսզի կարողանային հատ-հատ այդ զոհերին գտնել ու առանձնացնել։

-Կարծում եմ՝ տեղյակ եք վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած դիսկուրսի մասին՝ «պատմական Հայաստան, իրական Հայաստան», և Հայոց ցեղասպանությունը պատմական Հայաստանից եկող ողբերգություն է, և Դուք՝ որպես պատմական ու գիտնական, այս դիսկուրսի հետ կապված ի՞նչ կասեք, կարո՞ղ է ինչ-որ պահի մենք այդ շրջանակում հրաժարվենք նաև Հայոց ցեղասպանության փաստից կամ դրա ճանաչման գործըթնացից։

-Անկեղծ ասած՝ ես չեմ կարծում, որ Հայոց ցեղասպանությունը պատմական Հայաստանի հետ կապված բան է, դա հենց մեր Հայաստանի, այսօրվա Հայաստանի, այսօրվա հայերի հետ կապված իրողություն է։ Նախ, մեր Սփյուռքը, որ աշխարհով մեկ սփռված է, հենց Հայոց ցեղասպանության արդյունք է, ինչպես նաև մենք մոտավոր հաշվարկներ ունենք, որ հենց ՀՀ ազգաբնակչության 60 տոկոսից ավելին հենց Հայոց ցեղասպանության վերապրածների ժառանգներ են։ Այսինքն՝ հարցը անմիջականորեն մեզ հետ է կապվում։

-Եթե պետական քաղաքականություն մշակվի, որ մենք պետք է Ցեղասպանության ճանաչման գործընթացից հրաժարվենք, Դուք ինչպե՞ս կվերաբերվեք դրան, քանզի, կարծես, այդպիսի տրամադրություններ կան իշխանության ներսում։

-Միանշանակ՝ բացասական։ Յուրաքանչյուր հայի դեպքում էլ, կարծում եմ, միանշանակ է այդ պատասխանը։ Բայց տեսեք, միջազգային ճանաչման գործընթացն ու Ցեղասպանության փաստը տարբեր բաներ են։ Երբ Դուք ասում եք՝ միջազգային ճանաչման գործընթացից հրաժարվել, դա չի նշանակվել՝ հրաժարվել Հայոց ցեղասպանությունից։

Վահե Մակարյան