Մենք ունենք սահմանների կահավորման խնդիր, իսկ իշխանությունն այդ ուղղությամբ քայլ չի անում. Թովմասյան
Թեպետ մենք ԱԺ դահլիճում կատարվողին չենք մասնակցում, բայց 24/7 ռեժիմով աշխատում ենք խորհրդարանական մյուս բոլոր ճակատներում։ Այդ մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա տեղեկացրեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցության երկու պատգամավորներ այս պահին արտերկրում են, գործընկերները մասնակցում են տարբեր խորհրդակցությունների։
«Նախորդ շաբաթվա ընթացքում ես ինքս էլ տարբեր զեկույցներ եմ ուղարկել մեր գործընկերներին՝ թե՛ մեր գերիների գնդակահարությունների վերաբերյալ, թե՛ թշնամու՝ մեր սահման ներթափանցելու մասին»,- ասաց Թովմասյանը։
Ինչ վերավերում է Արցախին և նրա ճակատագրին, ապա Թովմասյանը վստահեցրեց՝ Արցախն Ադրբեջանում ապագա չունի.
«Եթե մենք Արցախը պատկերացնենք Ադրբեջանի կազմում, նշանակում է՝ մեր հայրենակիցներին տանում ենք ցեղասպանության։ Այդ առումով չպետք է թույլ տանք, որ որևէ բան տեղի ունենա։ Լավ է, որ արցախցիները սկսել են ըմբոստություններ։ Ու եթե Կոսովոյի դեպքում ինքնորոշումն ընդունելի է, ինչո՞ւ արցախցիների դեպքում այդպես չի կարող լինել։ Մենք պետք է պայքարենք, այլապես 21-րդ դարում ունենալու ենք նոր ցեղասպանություն»,- ասաց Թովմասյանը։
Նա տեղեկացրեց, որ իրենք տարբեր ահազանգեր են ստանում նաև զորակոչի հետ կապված խախտումների մասով։
«Քաղաքացուն ծանուցում են, և դրա հաջորդ օրը պահանջում, որ ներկայանա։ Մինչ այդ հնարավորություն չի լինում, որ քաղաքացին գոնե բուժզննում անցնի։ Այս գործընթացը պետք է կազմակերպվի մարդկանց իրավունքները չխախտելով»,- նկատեց Թովմասյանը։
Պատգամավորը նաև անդրադարձավ ՀՀ սահմաններին՝ նշելով, որ իրավիճակը շարունակում է մնալ նույնը։ «Մենք ունենք սահմանների կահավորման խնդիր, իսկ իշխանությունն այդ ուղղությամբ քայլեր չի անում»,- ասաց Թագուհի Թովմասյանը։