«Պուլյեքը» գլխիս վերևով է անցել․ այս գիշեր էլ Ադրբեջանը թիրախավորել է Սյունիքի գյուղերը

«Պուլյեքը» գլխիս վերևով է անցել․ այս գիշեր էլ Ադրբեջանը թիրախավորել է Սյունիքի գյուղերը

Մինչ պաշտոնական Երևանը շարունակում է ներազգային թշնամանք հրահրել տեղահանված արցախցիների հանդեպ, հասարակությանը շեղելով Արցախի թեման փակելու գործընթացով և այդպիսով դիվիդենտներ շահելով Բաքվից, Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով կրակում է սահմանամերձ բնակավայրերին, Հայաստանին տարբեր մեղադրանքներ առաջադրում, խաղաղության հասնելու ճանապարհին նոր պահանջներ ներկայացնում։ 

«Կրակել են ուղիղ գյուղի վրա, ո՛չ կույր եմ, ո՛չ խուլ, «պուլյեքը» գլխիս վերևով է անցնում»,- MediaHub-ին ասում է Սյունիքի մարզի Խնածախ գյուղի բնակիչը։ 

«Այս գիշեր էլ նույն ժամին՝ 10:20-ին սկսել են կրակել։ Սովորություն ունեմ, այդ պահին դուրս եմ գալիս տեսնեմ՝ ո՞ր ուղղությամբ են կրակում։ Տանեցիները չթողեցին երկար մնամ դրսում, մտածելով, որ գիշեր է, գնդակը կարող է պատահական կպնել։ Ուղիղ գյուղի վրա են կրակել, ինձ թվում է՝ կա՛մ խաչն է իրենց թիրախը, կա՛մ գյուղի կտուրները։ «Պուլյեքը» գլխիս վերևով է անցել։ Գյուղամեջ չեմ իջել, չգիտեմ՝ վնաս եղե՞լ է, թե՞ ոչ։ Բայց մինչև լուսաբաց կրակել են»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Նրա խոսքով՝ Ադրբեջանը հրադարարի ռեժիմի պահպանման խախտումներով փորձ է անում հայկական կողմին ներքաշել  պատերազմի մեջ: «Ինձ թվում է մերոնց համբերությունն են չափում։ Բայց մենք սադրանքներին չենք տրվում»,- հավելում է նա։

MediaHub-ը կապ հաստատեց նաև Սյունիքի մարզի մյուս սահմանամերձ բնակավայրերի հետ։ 

«Կրակոցները մեզ համար սովորական են դարձել։ Բայց էսպես անորոշության մեջ ապրելն օրեցօր դառնում է անհնար։ Նկատել եմ, մարդիկ արդեն վախենում են, շատերը պատրաստ են նույնիսկ հեռանալ։ Սպասում ենք «Խաղաղության պայմանագրի» ստորագրմանը։ Չգիտեմ, դա օգուտ կտա՞։ Ադրբեջանցիների ներկայությունն արդեն անտանելի է, դրոշները երևում են գյուղից, եթե գոնե չկրակեն, մեզ չվախեցնեն, էլի մենք մեր գործով կզբաղվենք»,- մեզ հետ զրույցում ասում է Խոզնավարի բնակչուհին։ 

Նշենք, որ սահմանային լարվածություններին, հրադադարի ռեժիմի ամենօրյա խախտումներին ու իրադրության լարվածությանը ՀՀ ՊՆ-ն չի արձագանքում, բայց հորդորում է հետևել պաշտոնական լրահոսին։ Փոխարենը, սահմանամերձ բնակավայրերի վարչական ղեկավարներին խստիվ արգելվել է շփվել ԶԼՄ ներկայացուցիչների հետ և տեղեկություն հայտնել այն մասին, թե ինչ է կատարվում գյուղերում, և ինչպիսի «խաղաղասերն է» իրականում Ադրբեջանը:

Հունան Թադևոսյան