Ուղիղ պահանջ Սամվել Շահրամանյանին՝ ներդրումային հիմնադրամի միջոցով թալանը պե՛տք է վերադարձվի

Մինչ արցախցիների իրավունքների պաշտպանության շտաբը սոցիալական հարցերի լուծման ուղիներ է փնտրում ՀՀ իշխանությունների հետ երկխոսության մեջ մտնելով, մի խումբ արցախցիներ որոշել են վաղը հանդիպում ունենալ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ՝ «որոշ հարցեր պարզելու»։
MediaHub-ը կապ հաստատեց նախաձեռնության քաղակտիվիստ Վրեժ Բալասանյանի հետ, վերջինս փոխանցեց, որ ակնկալում են հանդիպում Շահրամանյանի հետ. «Ուղիղ հարց ունենք Սամվել Շահրամանյանին՝ թալանը վերադարձնելու քայլերի շուրջ»։
Նա պարզաբանեց, որ խոսքը միլիոնների մասին է, որն, ըստ մեր զրուցակցի, մսխվել է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով:
«Ո՞վ կամ ովքե՞ր են մսխել, պետք է դատաիրավական ընթացքով բացահայտվեն, իսկ թալանը պետք է վերադարձվի բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին, նրանց կենցաղային խնդիրները լուծելու համար։ Մեր խնդիրը հստակ է ու անփոփոխ։ Այդ իսկ պատճառով վաղը՝ ժամը 12։00-ին, բոլոր մտահոգ քաղաքացիները կարող են միանալ մեզ Նաիրի Զարյան 17ա հասցեում՝ Արցախի ներկայացուցչության մոտ։ Կարգ ու կանոնը պարտադիր կպահպանենք, և ամեն ինչ կիրականացնենք օրենքի սահմաներում»,- հավելեց Վրեժ Բալասանյանը։
Հունան Թադևոսյան