Նոր մահակ՝ Ռոմանոս Պետրոսյանի ձեռքին, որ ճնշի անցանկալի համայնքապետերին

Նոր մահակ՝ Ռոմանոս Պետրոսյանի ձեռքին, որ ճնշի անցանկալի համայնքապետերին

Այսօր Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվում էր կառավարության ներկայացրած «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով լրացուցիչ գործիք են տալիս ՊՎԾ-ի ձեռքը, որ ստուգումներ իրականացնի համայնքներում։ 

Ընդդիմադիրները սա գնահատեցին մի նոր մահակ համայնքների ու, հատկապես, իշխանության սրտով չգնացող, ընդդիմադիր հայացքներ ունեցող համայնքապետերի գլխին, որ ով իրենց դուրը չգա՝ ՊՎԾ-ին ուղարկեն ստուգման։ Ընդդիմադիր պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Արման Ղազարյանը, Գառնիկ Դանիելյանն ու Արթուր Խաչատրյանը հատկապես շեշտեցին համայնքների անկախության մասին՝ նշելով, որ սա լինելու է մահակ համայնքապետերի գլխին և այս նախագծով հարված է հասցվելու ՏԻՄ-երի ինքնուրույնությանն ու անկախությանը, քանզի համայնքի ավագանին ինքը ունի համայնքի գնումներն ու ծախսերը վերահսկելու լիազորություն, ինչո՞ւ են մի հատ էլ ՊՎԾ-ի միջոցով փորձում դա անել։

Նախագծի հարակից զեկուցողը ՔՊ-ական Արուսյակ Մանավազյանն էր, որն ակնհայտորեն լավ չէր տիրապետում նախագծի էությանն ու դժվարությամբ էր փորձում արդարացնել իրենց կառավարության բերած նախագիծը։ Մասնավորապես, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը նկատեց․ «Համայնքներին ստուգելու բազմաթիվ գործիքակազմեր կան, այդ թվում՝ վարչական վերահսկողություն կա, դատախազությունը երբ ուզում՝ մտնում ա, երբ ուզում՝ դուրս ա գալիս, էստեղ, իրականում, համայնքների ինքնուրույնության խնդիրը վերանում է։ Դուք ՊՎԾ-ին տալու եք մեծ հնարավորություն, որ երբ ուզենա՝ մտնի ու ստուգի էդ համակարգը։ Բացի դա, համայնքներն իրենց բյուջեները, ծախսարդյունավետությունը բոլորը թափանցիկ ներկայացնում են, ՊՎԾ-ն էդտեղ ի՞նչ պետք է ուսումնասիրի։ Սա զուտ մահակ է՝ համայնքներին և համայնքի ղեկավարներին ճնշելու ու ևս մեկ անգամ բերելու ձեր դաշտ, որ էն համայնքի ղեկավարը, որ ձեր սրտով որոշում չի կայացնելու, մտցնելու է ՊՎԾ-ն ու սկսի էդ մարդկանց ճնշել»։ 

Մանավազյանը չհամաձայնեց ընդդիմադիր պատգամավորի դիտարկումներին՝ օրինակ բերելով, որ ՊՎԾ-ն ստուգելու է, ասենք, համայնքի ղեկավարի տեղակալի համար ձեռք բերած ծառայողական մեքենան, թե արդյոք այդ գնումը ճի՞շտ է արել, փոխկապակցված անձինք կա՞ն կամ արդյոք ճի՞շտ արժեքով է գնվել։

«Ես խնդրում եմ՝ սա մի դիտարկեք, որ ՊՎԾ-ն ճնշում է գործադրելու։ Համայնքների անկախության և ինքնուրույնության վրա որևէ ազդեցություն չի ունենալու էս նախագիծը»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։ 

Արման Ղազարյանն էլ հիշեցրեց, որ Մանավազյանի ասած այդ գործընթացը հիմա գործող օրենքներով շատ ավելի լավ կարգավորվում է, մինչդեռ այս նախագծով ՊՎԾ-ին լիազորություն են տալիս, որ առանց իրազեկելու ցանկացած պահի մտնի համայնք՝ ստուգումների։ Նախագիծը քննադատեցին նաև ՔՊ-ական պատգամավորները։ Օրինակ՝ Արսեն Թորոսյանն ասաց, որ այստեղ պետք է զգույշ լինել, և որքան էլ որ իրավաբանները, արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն են տվել և ասել են՝ այստեղ խնդիր չկա, ինքն այստեղ տեսնում է խնդիր։

Խոսքը, ըստ ՔՊ-ական Թորոսյանի, ՏԻՄ-երի անկախությանն է վերաբերում, և այս տեմպերով՝ մի օր էլ կարող է հասնեն նրան, որ որոշեն, որ համայնքներում այլևս պետք է ընտրություններ չլինեն։ 

«Ես էստեղ տեսնում եմ խնդիր, և առաջինից երկրորդ ընթերցում առնվազն ՏԻՄ-երին վերաբերող հոդվածներում շտկումներ անենք, որպեսզի էդ մեր որդեգրած քաղաքականությունից չշեղվենք։ Իսկ եթե, այնուամենայնիվ, որոշել ենք փոխել էդ քաղաքականությունը, ապա այն պետք է փոխել ամբողջովին, այլ ոչ թե հատվածական, երբ որ ընդհանրապես մենք ասում ենք, որ ՏԻՄ-երն անկախ են, և պետք է զարգացնենք էդ անկախությունը, բայց տենց դիսկրետ տարբեր տեղերում փոփոխություններ ենք անում դրան հակառակ»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Մի երկու ՔՊ-ական փորձեցին «նախկինների թեզի ներքո» պաշտպանել այս նախագիծը, բայց նկատելի էր, որ ՔՊ-ում միասնական կոնսենսուս չկա դրա շուրջ, և իրենք էլ են գիտակցում, որ սրանով թուլացնում են համայնքների անկախությունը։ ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն էլ իր հերթին փորձեց իրավական ձևակերպումներով և ՊՎԾ-ի մասին օրենքի տարբեր կետերին հղում տալով համոզել, թե իր ղեկավարած կառույցի լիազորությունների ընդգրկումը որևէ խնդիր չի առաջացնում։ Բայց ակնհայտ է, որ սրանով Ռոմանոս Պետրոսյանը ևս մեկ լծակ է ստանում՝ թե՛ քաղաքական, թե՛ անձնական մակարդակում վրեժ լուծելու այս կամ այն համայնքապետից, որ ով իրեն ու իր քաղաքական թիմին դուր չգա, ՊՎԾ «ստուգիչ բրիգադն» ուղարկի՝ այդ համայնքապետին ճնշելու։ 

Վահե Մակարյան