Ռուսաստանն ինքն իր ոտքին չի կրակի, գազն էլ չի թանկանա․ Պարսյան

Ռուսաստանն ինքն իր ոտքին չի կրակի, գազն էլ չի թանկանա․ Պարսյան

Ռուսաստանն ինքն իր ոտքին չի կրակի և Հայաստանի հետ տնտեսական կապերը չի խզի։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով այն կանխատեսումներին, թե ՀՀ-ՌԴ լարված հարաբերությունները կհանգեցնեն նաև տնտեսական խնդիրների:

Նա նաև վստահ է, որ Ռուսաստանը ՀՀ համար գազը չի թանկացնի․ 

«Մենք չունենք այս պահին օրինակ, որ Հայաստան-Ռուսաստան մատակարարման, փողերի փոխանցման հետ կապված ինչ-որ խնդիրներ կան։ Այս պահի դրությամբ Ռուսաստանը Հայաստանի միջոցով ստանում է մեծ թվով վերարտահանվող ապրանքներ, որոնք սանկցիաների տակ են։ Ռուսաստանն այդ ապրանքները Հայաստանի միջոցով է ձեռք բերում, ինքն իր ոտքին չի կրակի»,- ասաց տնտեսագետը։

Ինչ վերաբերում է գազի թանկացման մասին լուրերին, ապա, ըստ Պարսյանի, գազի գնի շուրջ կնքվել է պայմանագիր, որը չի փոխվելու տաս տարի և մնալու է նույն մակարդակի վրա։

«Գազի գնի հետ կապված կարող ենք չվախենալ, որովհետև պայմանագիրը կա։ Գազի մատակարարման հետ կարող է խնդիր լինել, բայց ոչ գազի գնի հետ։ Եթե գազը չմատակարարեն՝ պայմանագրի խախտում կլինի, եթե իրենք դիտավորյալ չմատակարարեն»,- հայտնեց տնտեսագետը։

Ըստ մեր զրուցակցի, Ռուսաստանը թե՛ ռազմավարական, թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական շատ կարևոր գործընկերներ է։

«Այս պահին չկա վտանգ, չկան քայլեր, որ տնտեսական կապերը ՌԴ հետ խզվում են։ Մենք պետք է կարևորենք Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները, քանի որ Ռուսաստանից է գալիս մեր տրանսֆերտների 70%-ը։ Օրինակ, անցած տարի 2,6 միլիարդ դոլար տրանսֆերտներ է եկել։ Տնտեսական կապը Ռուսաստանի հետ շատ կարևոր է մեզ համար և մենք պետք է այդ կապերը պահենք և զարգացնենք»,- եզրափակեց Պարսյանը։

Հիշեցնենք, ավելի վաղ գրել էինք, որ MediaHub-ի տեղեկություններով՝ ռուսական մի շարք խոշոր ընկերություններ սկսել են հրաժարվել Հայաստանից արտահանումներից: Մինչդեռ, ըստ տնտեսագետի, մենք կարող ենք չվախենալ գազի թանկացումից, և պետք է էլ ավելի զարգացնենք Ռուսաստանի հետ տնտեսական կապերը։

Մարիաննա Արամյան