Արցախ ասելու համար Փաշինյանի խոսնակը ներողություն խնդրեց

Արցախ ասելու համար Փաշինյանի խոսնակը ներողություն խնդրեց

Այսօր, ինչպես և նախորդ օրերին Կառավարությունը ներկայացնում է՝ ինչ վիճակ է Հակարի կամրջի մոտ, քանի բռնի տեղահանված արցախցի է արդեն Արցախից Հայաստան հասել և քանիսին է պետությունը կացարանով ապահովել։

Քիչ առաջ, երբ ներկայացվում էին վերջին թվային տվյալները, Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանն Արցախ բառն ասաց, ապա ինքն իրեն շտկեց՝ ասելով` ներեցեք, Լեռնային Ղարաբաղ։

«Անդրադառնալով այսօրվա մեր նախորդ եթերի արծարծած հարցերին՝ ինչպես գիտեք՝ նախօրեին վարչապետը ներկայացրել էր, որ Արցախից... կներեք, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջարկվում է միանվագ 100 հազար դրամ գումար»,- նշեց նա։

Փաստորեն, Արցախ ասելն արդեն այս Կառավարության համար անթույլատրելի է, ուստի պետք է ներողություն խնդրել։ Հաջորդ «կներեքը», թերևս, Ստեփանակերտին Խանքենդի չասելու համար կլինի։

Նարե Գնունի