Կառավարությունը շտապում է. Հայրապետյանի հրաժարականը հաստատվեց, ո՞վ կփոխարինի նրան

Կառավարությունը շտապում է. Հայրապետյանի հրաժարականը հաստատվեց, ո՞վ կփոխարինի նրան

Ինչպես այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Լուրը MediaHub-ի հետ զրույցում հաստատել էին ՍԱՏՄ-ից:

Մենք գրել էինք, որ ըստ ընթացակարգի՝ հրաժարականը պետք է հաստատվի կառավարման խորհրդի նիստում: Ի սկզբանե նիստը պետք է տեղի ունենար նոյեմբերի 7-ին, սակայն այն տեղափոխվել էր նոյեմբերի 8-ին:

Սակայն MediaHub-ին նոր հայտնի դարձավ, որ նիստը տեղի է ունեցել օնլայն ձևաչափով, որի ժամանակ էլ Հայրապետյանի հրաժարականը հրատապ կարգով ընդունվել է: Սա հավանաբար արվել է այն նպատակով, որ խորհրդի նիստում՝ նոյեմբերի 8-ին, արդեն իսկ ներկայացվի ՍԱՏՄ ղեկավարի թեկնածուն:

Հատկանշական է, որ խոսքն այն կառավարության մասին, որը մեկ ամիս չէր կարողանում արդարադատության նախարարի թեկնածու գտնել: Այստեղից հետևություն. կա՛մ կառավարությունը չի գիտակցում ՍԱՏՄ կարևորությունը, կա՛մ հենց հերթը հասնում է յուրայիններին, սպասելու կարիք այլևս չկա:

MediaHub-ի տեղեկություններով՝ ՍԱՏՄ ղեկավար կնշանակվի վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմեն Դանիելյանը, ով համարվում է Արայիկ Հարությունյանի «մարդը»: Ի դեպ, ամիսներ շարունակ մամուլը գրում էր այն մասին, որ Դանիելյանը աշխատում է Հայրապետյանի դեմ, որպեսզի զբաղեցնի վերջինիս պաշտոնը, սակայն ամիսներ առաջ նրա թեկնածությանը Նիկոլ Փաշինյանը հավանություն չի տվել:

Ճիշտ է, MediaHub-ի հետ զրույցում Հայրապետյանն այսօր ասել էր, թե հեռանալու պատճառը խիստ անձնական է, սակայն 2018-ից հետո պետական համակարգում գրեթե բոլոր հրաժարականները հենց անձնական պատճառաբանությամբ են հրամցվում հասարակությանը: