«Դե բա՝ ֆինանսիստն ո՜ւր, սննդամթերքն ո՜ւր»․ ինչո՞ւ է ազատման դիմում գրել ՍԱՏՄ ղեկավարը 

«Դե բա՝ ֆինանսիստն ո՜ւր, սննդամթերքն ո՜ւր»․ ինչո՞ւ է ազատման դիմում գրել ՍԱՏՄ ղեկավարը 

Քիչ առաջ MediaHub-ը հայտնեց, որ պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը։ Նա այս պաշտոնին նշանակվել էր 2023 թ. փետրվարի 7-ին: Հրաժարականի պատճառները, սակայն, չեն նշվում։ 

Հիշեցնենք, որ Հայրապետյանը երկար տարիներ աշխատել է ֆինանսների նախարարությունում, եղել է նախարարի տեղակալ։ MediaHub-ը փորձեց անձամբ նրանից ճշտել, թե ինչո՞ւ է որոշել ազատման դիմում գրել։ 

-Պարոն Հայրապետյան, ո՞րն էր Ձեր հրաժարականի պատճառը։ Հիմա կասեք՝ մինչև հրաժարական չտվեցի, չհիշեցին ինձ։

-Լավ էլ գիտեք պատասխանը։ Անձնական պատճառներով, այլ բան չկա։ 

-Ի՞նչ կարգի անձնական, եթե շատ անձնական չէ։ 

-Շատ անձնական է։ Չէ, իմ նախաձեռնությունն է, իմ անձնական պատճառներն են։ 

-Իսկ կարո՞ղ է խնդիրներ կային Ձեր աշխատանքում, կառավարության հետ, կոնկրետ պաշտոնյաների հետ։

 -Չէ, բացարձակ։ Որ լիներ, Դուք ինձանից շուտ կիմանայիք, լրագրողները ավելի առաջ են այս դեպքերում։ 

-Չէի ասի, ՍԱՏՄ-ն այն կառույցներից էր, որ խելոք աշխատում էր, մինչև Լարսում խնդիր չէր առաջանում, ձեզ չէինք հիշում, Դուք էլ քաղաքական պաշտոն չէիք զբաղեցնում, դրա համար շատ հետաքրքրված չէինք։ Բայց որ դուրս եկաք՝ զարմացանք։ 

-Չէ, մի զարմացեք։ Դե, քանի որ ֆինանսիստ էի, դրա համար էլ պիտի զարմանայիք, էլի, դե բա՝ ֆինանսիստն ո՜ւր, սննդամթերքն ո՜ւր։ 

-Հասկացա, իմ գրած հոդվածն եք հիշել Ձեր մասին։ 

-Ձեր հարցադրո՞ւմը չէր իմ մասին։ 

-Այո, հիշում եմ։ Իսկ եթե ավելի լո՞ւրջ։ 

-Չէ, իսկապես անձնական պատճառներով են, առանձնապես մանրամասնելու բան չեմ տեսնում։ 

-Իսկ կարո՞ղ է տեղափոխվեք այլ պետական ծառայության։

-Այս պահին դեռ չեմ որոշել։

-Իսկ արդեն մակագրվե՞լ է Ձեր ազատման դիմումը։ 

-Չէ, ընթացակարգով կառավարման խորհուրդ գոյություն ունի, խորհուրդը պիտի հաստատի դիմումը, հետո նոր ներկայացվի վարչապետին։ 

-Իսկ կառավարությունից, նույն Նիկոլ Փաշինյանից որևէ արձագանք կա՞, թե ինչո՞ւ եք գնում, գուցե փորձեին համոզել, որ մնայիք։ 

-Չէ, բայց անձնական պատճառ է, դրա համար իմաստ չունի այդքան երկարացնենք։ 

-Իսկ երկրո՞ւմ եք մնալու, թե՞ հնարավոր է լքեք Հայաստանը։ 

-Չէ, մնալու եմ Հայաստանում։ Ծառայել ենք և ծառայելու ենք Հայաստանի Հանրապետությանը։ 

-Իսկ կշարունակե՞ք Ձեր ծառայությունը պետությանը հետայսու ևս։ 

-Ժամանակը ցույց կտա։ 

Վահե Մակարյան