«Խեղճ» Սիմիդյան․ ո՛չ փող ունի, ո՛չ տուն ունի, ո՛չ էլ նորմալ մեքենա

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, որ Փաշինյանի ամենահավատարիմ թիմակիցներից է և հենց նա է 2008-ի հայտնի իրադարձություններից հետո իր տանը թաքցրել փախուստի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանին, այս կառավարության թերևս «ամենախեղճուկրակ» նախարարներից է։
Սիմիդյանն իր որոշ թիմակիցների նման կա՛մ չի «ֆայմել» քանի իշխանության է՝ հարստանալ, տուն, մեքենա ու փող հետ գցել, կա՛մ չի «բաշարել», կա՛մ էլ արել է, բայց խնամքով թաքցնում է։
Համենայնդեպս, նրա՝ 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրն ուսումնասիրելիս ցանկություն է առաջանում «մի որոշ բանով օգնել պարոն Սիմիդյանին, կամ մի բան անել, որ Կանադայում, օրինակ, միգրանտի կարգավիճակ ձեռք բերի և գնա «երկու կոպեկ փող ուզի»:
Շրջակա միջավայրի նախարարը ո՛չ իր անունով բնակարան ունի հայտարարագրած, ո՛չ առանձնատուն, ո՛չ էլ որևէ այլ անշարժ գույք։ Փոխարենը նշել է 90 օրից ավելի իր կողմից տիրապետվող մի անհատական բնակելի տան մասին, որը գտնվում է Երևան քաղաքում, սակայն հասցեն նշված չէ։ Սա, հավանաբար, «Կոնդի» կառավարական առանձնատներում կամ որևէ այլ վայրում իրեն հատկացված բնակարանն է, թեև շրջակա միջավայրի նախարարը «Կոնդի» ամառանոցներում բնակվելու իրավունք չպետք է ունենար։ Թեպետ, հաշվի առնելով, որ սա Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է, որի պարագայում իրենք, անկախ նրանից, թե օրենքն ինչ է պարտադրում, ինչ ուզում, ինչպես ուզում՝ անում են, ապա չենք զարմանա, եթե պարզվի՝ ամբողջ կառավարությունը «Կոնդում» է բնակվում։ Ինչևէ։
«Խեղճ» Սիմիդյանը նաև նորմալ տրանսպորտային միջոց չունի։ Նա հայտարարագրել է 1991 թվականի արտադրության մի հնամաշ BMW, որը նա ձեռք է բերել նախկինների օրոք՝ 2013 թվականին։ Բանկից վերցված փոխառություն չունի, բանկում ներդրած ավանդ նույնպես չունի, բանկային հաշիվների մնացորդն էլ 2023 թվականի սկզբին եղել է 4 մլն 469 հազար 461 դրամ, որը տարվա վերջին կազմել է 1 մլն 931 հազար 465 դրամ։ Իսկ որպես կանխիկ դրամ՝ Սիմիդյանը 2023 թվականի սկզբին ունեցել է ընդամենը 600 հազար դրամ, որը տարվա վերջին նվազել է 100 հազարով՝ կազմելով 500 հազար դրամ։
Հակոբ Սիմիդյանի՝ անցյալ տարվա ընթացքում ստացած միակ եկամուտը եղել է Շրջակա միջավայրի նախարարությունից իր ստացած աշխատավարձը, որը տարվա կտրվածքով կազմել է 21 մլն 323 հազար 601 դրամ։ Նրա հայտարարագրում նշված է նաև 5 մլն 757 հազար 937 դրամ վարկի մայր գումարի մնացորդի մասին, սակայն նշված չէ, թե որ ընկերությունից է այդ վարկը վերցրել, ինչ նպատակով, բայց հասկացանք, որ հիպոտեկով բնակարան է ձեռք բերել, քանզի «վարկի նպատակային նշանակությունը» և հիպոտեկի դեպքում հիպոտեկի առարկայի գտնվելու վայրը դաշտերում նշված է «պաշտպանված»։ Այսինքն՝ լրացված են, սակայն հանրությունից թաքցված։
Սա նշանակում է, որ Սիմիդյանն էլ, իր մյուս ՔՊ-ական գործընկերների նման, հիպոտեկով բնակարան, այդուհանդերձ, ձեռք բերել է, սակայն դրա տվյալները խնամքով թաքցրել է։
Վահե Մակարյան