Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Փաշինյանը Վանաձորում սկսել է պաշտոնյաների «վախը բռնել»

Blog Image

Երեկ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ ձերբակալվել են «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատերն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետը։

Նշենք, որ ձերբակալված պաշտոնյաները կասկածվում են ապօրինի շինարարական թույլտվությունների տրամադրման համար։ Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը մեղադրյալ է նաև նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գործով, որ ավելի քան երկու տարի դատարանում է։

Իրավական այս գործընթացը, MediaHub-ի տեղեկություններով, ունի նաև քաղաքական դրդապատճառներ։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իրավապահ համակարգը սկսել է հետաքրքրվել «Գլորիա» կարի ֆաբրիկայով այն պահից սկսած, երբ պրոիշխանական Բագրատ Դարբինյանը որոշակիորեն շեղվել է բռնած ուղուց, և տարբեր շրջանակներում հակաիշխանական հայտարարություններ արել։ 

«Ավագանիում կան մարդիկ, որոնք այս կամ այն կերպ կապված են Դարբինյանի հետ, ու այդ պատճառով էլ հիմա աչքը վախեցնում են։ Դա անում են, որ Վանաձորի քաղաքապետի ընտրության հարցով ավագանու նիստի ժամանակ էլ ավագանու այն անդամները, որոնք կապ ունեն Դարբինյանի հետ, չփորձեն Մամիկոն Ասլանյանի օգտին քվեարկել։ Հիմա «Ասլանյան» դաշինքից 15 հոգի ավագանու անդամ է, ընդհանուր առմամբ 33 հոգուց է կազմված ավագանին։ Ու հիմա ՔՊ-ն լավ հասկանում է, որ Ասլանյանի օգտին կարող է նաև մյուս խմբակցություններից քվեարկեն, ուստի իշխանությունը կորցնելու վախը մեծ է։ Ու հիմա ուղղակի մարդկանց աչքը վախեցնում են»,- ասաց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է գլխավոր ճարտարապետի ձերբակալությանը, ապա այն նախ և առաջ ուղիղ մեսիջ է Մամիկոն Ասլանյանին, որը վերջերս ազատվեց կալանքից։

«Նրան էլ պարզ հասկացնում են, որ ճաղերի հետևում հայտնվելը սարերի հետևում չի լինի, եթե հանկարծ որոշի ավագանու նիստ հրավիրել քաղաքապետի ընտրության հարցով»,- ասաց մեր զրուցակիցը։

Բացի այդ, գլխավոր ճարտարապետի ձերբակալությունը երկրորդ մեսիջն էլ ունի, որն ուղղված է գործող համայնքապետ Արկադի Փելեշյանին, որը հենց Փաշինյանի կողմից է նշանակվել քաղաքապետի պաշտոնում։

«Ենթադրյալ չարաշահումները տեղի են ունեցել արդեն վերջին տարիներին՝ Նիկոլ Փաշինյանի նշանակած համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի օրոք։ Այսինքն՝ ցանկացած պահի Փելեշյանն էլ կարող է հայտնվել Հակակոռուպցիոնի ուշադրության կենտրոնում, եթե, իհարկե, փորձի Փաշինյանի օրակարգից շեղվել»,- ներկայացրեց մեր աղբյուրը։

Նարե Գնունի

Send