Ամիրյանը կանվանափոխվի. ինչո՞ւ է Մարությանի խմբակցությունը հաճոյանում Փաշինյանին

Ամիրյանը կանվանափոխվի. ինչո՞ւ է Մարությանի խմբակցությունը հաճոյանում Փաշինյանին

Երևանի ավագանու սեպտեմբերի 10-ի նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկով առաջարկվում է Երևանի Ամիրյան փողոցն անվանափոխել Պապ թագավորի անվամբ։ 

Նախագծի հեղինակը ոչ թե ՔՊ-ն է, այլ նախկին քաղաքապետի Հայկ Մարությանի թիմակիցն է՝ ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը։ Ամիրյան փողոցից բացի նա նաև առաջարկում է Լենինգրադյան փողոցն անվանափոխել Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անվամբ։ 

Փողոցների անվանափոխության կամ անվանակոչության հարցը, սակայն, այսքանով չի ավարտվում։ Նույն նիստին ավագանու մյուս ընդդիմադիր խմբակցությունը՝ «Մայր Հայաստանը», առաջարկում է Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցին հարող չանվանակոչված փողոցը անվանակոչել ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի անվամբ, իսկ Սիլիկյան խճուղուց Տիչինայի փողոցն ընկած ճանապարհահատվածն անվանակոչել լեզվաբան Հովհաննես Բարսեղյանի անվամբ։ 

Հիշեցնենք, 2018-ից սկսած Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հիշում է Պապ թագավորին, զուգահեռներ անցկացնում նրա հետ: Վերջերս էլ հայտարարեց. «Պատահական չէ՝ ես անընդհատ խոսում եմ Պապ թագավորի մասին: Սա այն խոսակցությունն է, որն ընդհատվել է Պապ թագավորի սպանությամբ: Պապ թագավորը այլևս չի՛ սպանվելու, և ես՝ որպես ՀՀ վարչապետ, երաշխավորում եմ սա, որ Պապ թագավորը չի սպանվելու, Հայաստանի պետությունը չի սպանվելու, ինչ վեղար էլ ուզում է հագնեն: Քանի կիլոյանոց, ինչ մետաղից խաչ ուզում է դոշներից կախեն, Պապ թագավորը չի սպանվելու: Այսօրվա ՀՀ-ն իրագործումն է Պապ թագավորի երազանքի, և այդ երազանքն իրագործվել է, և այդ երազանքն այլևս որևէ մեկը չի կարող սպանել»:

Վահե Մակարյան