Փաշինյանն ու ՀԱՊԿ-ը «փրկեցին» իրենց դեմքը. ստատուս-քվոն պահպանվեց

Փաշինյանն ու ՀԱՊԿ-ը «փրկեցին» իրենց դեմքը. ստատուս-քվոն պահպանվեց

ՀԱՊԿ-ի՝ Հայաստանին տրամադրվող օգնության մասին փաստաթուղթը, չի ստորագրվել, լրամշակման է ուղարկվել: Դատելով վերջին օրերի հայտարարություններից՝ այդպես էլ պետք է լիներ, Հայաստանի հարցում կոնսենսուսը գրեթե բացառվում էր:

Հայկական կողմը ստորագրվելիք փաստաթղթում լրացում էր առաջարկել, բայց «որոշեցինք այդ երկու կետը չընդունել, չխորանալ դրանց մեջ», հայտարարել է Բելառուսի նախագահը կառույցի անդամ երկրների ղեկավարների ընդլայնված կազմով հանդիպմանը։

«Բայց առաջին անգամ մենք համաձայնեցինք, որ մոտեցման կետեր կան, որ համաձայնության գանք։ Ինչպես հասկացանք գործող նախագահողից, այս հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, եթե այնպես գործենք, ինչպես այսօր քննարկել ենք, կավարտվի։ Եվ խաղաղության պայմանագիր կկնքվի։ Նիկոլ Վովաևիչը լռում է, ուրեմն նա էլ է համաձայն իմ ասածի հետ», - ասել է Լուկաշենկոն՝ ըստ էության, ստանալով Փաշինյանի անուղղակի համաձայնությունը։

Փաշինյանը խոսքով՝ 2 նախագծի վրա դեռ աշխատանքներ կտարվեն։

Ընդունված 15 որոշումները կստորագրվեն ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից:

Մի խոսքով, եթե հանրագումարի բերենք հնչած հայտարարությունները, ապա ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին չի հաջողվել համաձայնեցնել երկու փաստաթղթեր՝ հռչակագիրը և Հայաստանին տրամադրվող օգնության մասին փաստաթուղթը:

Ըստ ամենայնի, այս փաստաթղթերը փոխկապակցված են ու նույն փաթեթով էլ կշարունակվեն դրանց քննարկումները։

Մյուս կողմից, ընտրված մարտավարությունը բոլորի դեմքը փրկում է. Փաշինյանը կարող է պնդել, որ շարունակում են ինտենսիվ աշխատանքները գործընկերների հետ(լրամշակման գործընթաց), մյուսները կոնսենսուսի բացակայությունը «կվաճառեն» Ադրբեջանի վրա:

Արդյունքում, պաշտոնական Երևանի օրակարգում չի լինի ՀԱՊԿ-ն լքելու հարցը, իսկ ՀԱՊԿ-ն կշարունակի պնդել, որ իր առաջնահերթությունն ոչ թե Ադրբեջանին դատապարտելն է, այլ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին նպաստելը:

Ստատուս-քվոն պահպանվեց:

Վահրամ Բագրատյան