Դեղորայքի խնդրի դեպքում պետնախարարն ասել է դիմենք «Կարմիր խաչին», կամ՝ խաղաղապահներին․ Եղցահողի գյուղապետ

Դեղորայքի խնդրի դեպքում պետնախարարն ասել է դիմենք «Կարմիր խաչին», կամ՝ խաղաղապահներին․ Եղցահողի գյուղապետ

Կոռնիձոր-Արցախ հատվածում երկու օր առաջ ադրբեջանցիների կողմից հսկիչ անցագրային կետ տեղադրելուց հետո Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն եւ Լիսագոր համայնքների բնակիչները փաստացի հայտնվեցին լիակատար շրջափակման մեջ: Այսպիսով ադրբեջանցիները փակեցին այս գյուղի բնակիչների եւ՛ Ստեփանակերտ, եւ՛ Հայաստանի Հանրապետություն տանող ճանապարհները։ 

«Ադրբեջանական հենակետից տեղ-տեղ 500-600 մետր հեռավորության վրա գտնվող Եղցահող գյուղում Աստված չանի մեկը հիվանդանա, այս պահին կենսական է դեղորայքի հարցը»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը։

Բերձորը հանձնելուց հետո Եղցահողը հայտնվեց թշնամու զորքի ուղիղ նշանառության տակ։ Հակոբյանը նկատում է՝ հիմա ո՞վ շրջափակման մեջ չէ, հիմա ո՞վ է անվտանգ։

«Գրունտային ճանապարհը արդեն մեկ ամիս է փակ է։ Հայաստանի հետ էր մեր կապը, դա էլ փակեցին։ Սնունդի մասով դեռ խնդիր չունենք, պահուստային ֆոնդից դեռ օգտվում ենք։ Աստված չանի՝ մեկը հիվանդանա, դեղորայքի խնդիր կլինի։ Եթե նման իրավիճակ լինի, Արցախի պետնախարարն ասել է, որ դիմենք «Կարմիր խաչին» կամ՝ խաղաղապահներին, որ իրենց միջնորդությամբ այդ հարցը լուծվի»,-ասաց Հակոբյանը։ 

Ո՞ւմ հետ են հույս կապում, որ հնարավոր  բանակցությունների արդյունքում հաջողվի գոնե Հայաստանին կապող ճանապարհը բացել. Եղցահողի գյուղապետը հարցը քաղաքական է համարում, ու հրաժարվում պատասխանել․ 

«Եկեք այդ քաղաքական հարցերը ինձ մի տվեք, ես չեմ կարող նման հարցերի պատասխանել, երկրի ղեկավարի մակարդակի հարց է»։ 

Չի կարող ասել, թե ադրբեջանցիները ինչ պայմանով կարող են ճանապարհը բացել. «Ներողություն եմ խնդրում, ես նման հարցերի չեմ կարող պատասխանել»։ 

Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ հերթական անգամ խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, Շուշի-Լիսագոր հատվածում ադրբեջանցիները խախտեցին նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը եւ որոշակի դիրքային առաջխաղացում ապահովեցին Արցախի Հանրապետության տարածքում։ Լիսագոր, Եղցահող, Մեծ Շեն, Հին Շեն համայնքները փաստացի մայրաքաղաք Ստեփանակերտից կտրվեցին նաեւ լեռնային, գրունտային ճանապարով։ Գրունտային ճանապարհից բացի մեկ էլ Ստեփանակերտ գնում էին Բերձորի ճանապարհով, որը նույնպես ադրբեջանական կողմը ապօրինաբար արդեն 150 օրից ավելի է փակ է պահում։

Նախօրեին Արցախի պետնախարարը հայտարարեց՝ Շուշիի շրջանի այս համայնքները մնացել է լիակատար շրջափակման մեջ.

«Ես անձամբ եմ կապի մեջ Շուշիի շրջանի վարչակազմի ու համայնքների ղեկավարների հետ, վերջիններիս կողմից արդեն ներկայացվել են այն խնդիրները, որոնք կարող են ծագել առաջիկա օրերին՝ շրջափակումը շարունակվելու պարագայում:

Մինչ Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելը և ճանապարհը այդ հատվածում փակելը Մեծ Շեն համայնքից երեք անչափահաս երեխա, որոնցից մեկը երեք տարեկան, մեկնել էին քաղաք Գորիս և այժմ նրանք չեն կարողանում վերադառնալ ծնողների մոտ: Նույնպիսի իրավիճակ կա նաև Լիսագոր համայնքում՝ համայնքի մի քանի բնակիչներ մնացել են Հայաստանի Հանրապետությունում:

Հիշյալ համայնքներից շտապ օգնության մեքենաների շարժը դեպի Հայաստանի Հանրապետություն և մեր քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար դիմել եմ ռուսական խաղաղապահ ուժերին, որի կապակցությամբ վաղը կոնկրետ քայլեր կձեռնարկվեն և, հուսով եմ, կունենանք այդ և մյուս խնդիրների լուծումներ»,- հայտարարել է Ներսիսյանը:

Լիա Սարգսյան