Շուտով կիմանաք, թե ովքեր են 44-օրյա պատերազմի ժամանակ փախել . ՔՊ-ական

Շուտով կիմանաք, թե ովքեր են 44-օրյա պատերազմի ժամանակ փախել։ Քննիչ հանձնաժողովն աշխատում ա էդ ուղղությամբ, փաստեր ունենք․ MediaHub-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը, որը նաեւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի եւ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամ է։ Դիտարկմանը, թե ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովը նախկին իշխանությունների ենթադրյալ հանցագործությունների մասին պետք է խոսեր, խոստացել էր հանրությանը մանրամասներ հայտնել, բայց այդպես էլ չարեց, Մելքոնյանն ասաց, որ հիմա այդ աշխատանքների մասին հանրայնացնելու շուրջ քննարկումներ են գնում։ 

«Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքների բացահայտումներն, այսպես ասած, հանրայնացնելու շուրջ հիմա քննարկումներ են գնում։ Պետք է մեր ուժային կառույցներն այն ժամանակ համաձայնություն տային, որպեսզի դա հանրայնացվեր, բայց, երբ գողին բռնում, ասում են՝ արի քո վրա ցուցմունք տուր, կգա՞։ Ուժային կառույցները այն ժամանակ արգելեցին, որպեսզի չհանրայնացվեր»,- ասաց նա։

Գուրգեն Մելքոնյանի խոսքով՝ դրանք հանրայնացնելուց հետո բացահայտվելու են նախկին եւ ներկա պաշտոնյաների կողմից արված մի շարք ենթադրյալ հանցագործություններ։ 

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ Գուրգեն Մելքոնյանը վերջին օրերի սահմանային լարվածությունը, թշնամու կողմից եկող ագրեսիան պայմանավորեց Ադրբեջանի «Զանգեզուրի միջանցքի» պահանջով։ 

«Քանի մենք խաղաղության պայմանագիր չունենք, այդ կրակոցները միշտ կլինեն»,-ասաց նա։ 

Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանը միտումնավոր չի կատարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը, այդ թվում նաեւ գերիների վերադարձը։ «Ադրբեջանի ախորժակը Զանգեզուրի միջանցքն է, դրա համար ուժ է կիրառում, որպեսզի համաձայնվենք միջանցք տալուն։ Դա չի լինի, մեր իշխանությունները ասել են, որ կարող է լինել միայն ճանապարհ, իսկ դա նրանց ձեռք չի տալիս”։

Դիտարկմանը՝ արդյո՞ք Փաշինյանը մեղավոր չէ, որ ադրբեջանական զորքը ուժով փորձում է զավթել ՀՀ սուվերեն տարածքները, քանի որ, երբ անցած տարի մայիսի 12-ին թշնամու զորքը ներխուժեց Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզ, Փաշինյանը հայտարարեց, որ «Սեւ լճի 30 տոկոսի համար չի պայքարելու», «էդ սարի ծերին, որ տարվա կեսը ձուն ա, պետքա՞ մեզ զինվոր», իշխանական պատգամավորը հակադարձեց․ «Դե ինչ-որ ասվել ա, արդեն ասվել ա։ Նիկոլ Փաշինյանը դիմել է համապատասխան կառույցներին։ Դիմեցինք ՀԱՊԿ-ին, նրանք չպատասխանեցին, սեպտեմբերի 13-ին էլ դիմեցինք, նորից չաջակցեցին։ Արվել է ամեն ինչ, որպեսզի նոյեմբերի 9-ի պայմանագիրը լիարժեք կատարվի։ Որպեսզի կարողանանք մեր սահմանները պահենք, պիտի ունենանք տեխնիկա, սպառազինություն, ուժ։ Ուժն ունենք, եթե ունենանք նաեւ համապատասխան սպառազինություն, մեր սահմանները կկարողանանք պահել»,-ասաց նա։ 

Մանրամասն՝ տեսանյութում

Լիա Սարգսյան