Իսկ Փաշինյանը պնդում էր, թե Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում մութ գործարքներ չկան․ փաստերն այլ բան են խոսում

Իսկ Փաշինյանը պնդում էր, թե Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում մութ գործարքներ չկան․ փաստերն այլ բան են խոսում

«Իրավատեր կապանցիներ» բնապահպանական ՀԿ-ն ահազանգում է՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» թափոնաջրերը շարունակում են առատորեն աղտոտել Ողջի գետն ու պոչամբարի հարակից բնակավայրերը: 

Հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որին կից գրված է՝ երեք օր է, ինչ այս վիճակն է։ 

«Եթե գետի մոտով անցնեք, կտեսնեք՝ ինչ խայտառակ վիճակ է։ Մենք բարձրաձայնում ենք խնդիրը, մենք էլ մեզ լսում։ Ոչ մեկից ոչ մի պատասխան չենք ստացել։ Կոմբինատից անգամ այս պահին արձագանք չկա, թեև նախկինում, երբ ահազանգում էինք, գալիս էին, իրենք իրենց միջոցներով ջրից նմուշառում անում ու հետո ծածկադմփոցով թեման փակում»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Իրավատեր կապանցիներ» ՀԿ նախագահ Արմեն Փարամազյանը։ 

Նրա խոսքով՝ էլ կառույց չկա, որ չեն դիմել, ոչ մեկից ոչ մի հիմնավոր պատասխան չեն ստացել։ Տրված պատասխաններն էլ աբսուրդի ժանրից են։ 

«Օրինակ, առողջապահության նախարարությունից մեզ պատասխանել էին, որ Սյունիքում այլ մարզերի համեմատ, մահացության ցուցանիշը հիսուն տոկոսով ավելի ցածր է։ Դե, մենք էլ երևի պիտի հետադարձ նոր նամակ գրեինք, շնորհակալություն հայտնեինք, մի բան էլ խնդրեինք, որ նոր պոչամբարներ կառուցեն, սկսեն Սյունիքի ընդերքը քամել»,- նկատեց նա։ 

Մեր զրուցակիցը նշեց՝ ամեն ինչ անում են, որ թեման մեծ հնչեղություն չստանա, հանրային լսումներ են կազմակերպում, որոնց տևողությունը տասը րոպեն չի գերազանցում, հետո էլ տպավորություն ստեղծում, թե տեսեք՝ ահազանգերի հետքերով գնացողներ կան։

«Դե պիտի այդպես անեն, իրենք էլ արդեն փայ ունեն, ինչի՞ պիտի մտահոգվեն, ինչո՞ւ պիտի այդ հարցն իրենց հուզի»,- նկատեց մեր զրուցակիցը։ 

Հիշեցնենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատեր է դարձել՝ ստանալով բաժնետոմսերի 15%-ը։ Դրանից ամիսներ անց էլ Կառավարությունը որոշեց իր բաժնեմասը հանձնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ընկերությանը, որը պետական սեփականություն հանդիսացող առևտրային կազմակերպություն է, որի տնօրենների խորհրդի նախագահը նախկին փոխվարչապետ, ներկայում Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է, իսկ գործադիր տնօրենն է Դավիթ Փափազյանը, ով նախկինում աշխատել է բանկային ոլորտում։ Եվ, ըստ մեր զրուցակցի, զարմանալի չէ, թե ինչու է թեման լռեցվում, չէ՞ որ այս պահին մերձիշխանական շրջանակներն իր շահն ունեն կոմբինատից։ 

«Հիշո՞ւմ եք՝ ոնց էին հայտարարում, թե այդ 15%-ը ժողովրդինն է, վերադարձվել է ժողովրդին։ Բա եթե ժողովրդինն է, ինչո՞ւ քայլ չեն անում, որ ժողովրդի ձայնը լսելի լինի, ինչո՞ւ են քայքայում այն բնությունը, որ հենց այդ ժողովրդինն է։ Տարածքը մերն է, քանի դեռ չեն սկսում հանքը շահագործելն ու այդ միջոցով փող աշխատելը»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Արմեն Փարամազյանի մեջբերումը, թե պետությանը «նվիրաբերված» մասնաբաժինը ժողովրդինն է, Նիկոլ Փաշինյանի խոսքից մի հատված է։ «Այդ մասնաբաժինը ժողովրդինն է, ի՞նչ մութ գործարք։ «Ա՛յ, եթե այդ 15%-ի սեփականատերը լիներ ոչ թե կառավարությունը, այլ լիներ մի օֆշորային ընկերություն, իսկ այդ օֆշորային ընկերության սեփականատերը լիներ մեկ ուրիշ օֆշորային ընկերություն, իսկ այդ ընկերության սեփականատերը լիներ վարչապետի ընտանիքի անդամ, որեւէ նախարարի ընտանիքի անդամ դա կլիներ մութ գործարք: Այս դահլիճում ոչ այս հատվածում նստող մարդիկ կան, որոնք իրենց գործունեության ընթացքում այդպիսի գործարքներ արել են եւ մեր իրավապահ մարմինները պետք է լրջորեն զբաղվեն այդ գործարքներով՝ պարզելու դրանց պատճառահետեւանքային կապը այդ թվում պոտենցիալ դավաճանական գործարքներ հետ»,- խորհրդարանում հայտարարել էր նա։ 

Իսկ եթե ժողովրդինն է, մութ գործարքներ չկան, ինչո՞ւ են պատասխանատու բոլոր օղակներին ուղղված հարցումները, թե տարեկան որքան հանքաքար է արդյունահանվում, մնում անպատասխան։ Արմեն Փարամազյանի խոսքով՝ իրենք տեղեկություն ունեն, որ արդեն տարեկան 40 տոննա արդյունահանում է իրականացվում, թեև ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ արդյունահանման ծավալը մոտ 22 տոննա է։ 
Բնապահպանները պատասխան ստանալ չեն կարողանում, ուստի մենք փորձեցինք կապ հաստատել պատասխանատու օղակների հետ, սակայն, մեզ խնդրեցին գրավոր հարցումներ ներկայացնել։ Ուղարկել ենք, սպասում ենք պատասխանի։ 

Հ․Գ․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարություն է տարածել և հայտնել, որ մամուլում տեղ գտած հրապարակումները ԶՊՄԿ պոչամբարում իբր «պայթյունի» վերաբերյալ ապատեղեկատվություն է եւ չի համապատասխանում իրականությանը։

Նարե Գնուն