Հայ գործարար, «Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո Հայաստանում գործող «Տաշիր պիցցա» պիցցերիաներից շատերը Սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից ինչ-ինչ խախտումների պատճառով փակվեցին։ Ընդդիմության դիտարկմամբ՝ սա քաղաքական պատվեր էր, և որ պիցցերիաները փակվում են Սամվել Կարապետյանի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար։
Չնայած, «Տաշիր պիցցա»–ի որոշ կետեր վերաբացվել են, այնուամենայնիվ, կան մասնաճյուղեր, որոնք շարունակում են փակ մնալ։ MediaHub-ը տեղեկացավ, որ, օրինակ, նախօրեին վերաբացվել է «Դալմա Գարդեն» մոլում գործող «Տաշիր պիցցան»։
Քանի՞ մասնաճյուղ է դեռ շարունակում փակ մնալ․ MediaHub-ը կապ հաստատեց ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանի հետ, ով նշեց, որ մի քանի պիցցերիաներ շարունակում են փակ մնալ, սակայն, հստակ թիվը դեռ պարզ չէ։
«Խախտումներն իրենք վերացնում են, ներկայացնում են, ասում են, որ վերացրել են, ՍԱՏՄ-ն կրկին ստուգում է իրականացնում, և խախտումներ չլինելու դեպքում բացվում է տվյալ սննդի կետը»,- նշեց Հարությունյանը։
Նշենք, որ բացի Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո՝ հուլիսի 11-ին, հայտնի դարձավ, որ դատավոր Դավիթ Արղամանյանի որոշմամբ «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորում 1 ամիս ժամկետով։
Մարիաննա Արամյան