Առողջապահական ոլորտում կադրային «տեկտոնիկ» տեղաշարժեր են, այս մասին է վկայում այն, որ 8 բժշկական կենտրոններում տնօրենների մրցույթ է անցկացվելու։
Տնօրենի պաշտոնի համար մրցույթ է անցկացվելու նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, որի շուրջ կրքերը չեն հանդարտվում։
Ըստ մամուլի տեղեկությունների՝ այս պաշտոնի հետ կապված լրջագույն շահագրգռվածություն ունեն նախկին և ներկա ԱՆ նախարարները, և նպատակ ունեն տնօրենի պաշտոնին տեսնել Ազգային բժշկական պալատի նախագահ Նարեկ Վանեսյանին։
Նրանց այս ցանկության պատճառը, ըստ մամուլի, հրապարակման այն է, որ Վանեսյանը «նույնպես թաթախված է կորոնավիրուսի, պետպատվերով բուժումների և գնումների գործընթացի մեջ և տնօրենի պաշտոնին նշանակվելուց հետո կքողարկվեն մի շարք արարքներ»։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել նաև ներկա տնօրենի պաշտոնակատարը՝ Նարեկ Զեյլանյանը և «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը:
Պողոսյանը մշտապես բարձրաձայնում է Առողջապահական ոլորտի խնդիրները: MediaHub-ի հետ զրույցում նա նշեց, որ վստահ է՝ արդար մրցույթ չի կարող լինել, սակայն այս կերպ փորձելու է պայքարել անարդարությունների դեմ՝ բողոքարկելով որոշումները։
«Մրցույթի 3-րդ փուլը զարգացման ծրագրի նախագծի ներկայացումն է: Դա շատ սուբյեկտիվ է, չափելի չէ գնահատականը, հանձնաժողովը իր սուբյեկտիվ կարծիքով գնահատում է։ Եվ քանի որ հանձնաժողովը կազմված է նախարարության կողմից, ապա նախարարի ուղղորդությամբ հանձնաժողովը նշանակում կամ չի նշանակում իր սիրելի թեկնածուին: Այսինքն այն թեկնածուները, ովքեր նախարարի սրտով չեն, այդ փուլում կարող են ստանալ այնպիսի միավորներ, որոնք անցողիկ չեն լինի և արդյունքում թեկնածուները մրցույթը չեն հաղթահարի»,- ասաց Պողոսյանը։
Նրա պնդմամբ՝ օբյեկտիվություն այստեղ լինել չի կարող, դրա վառ օրինակ է վերջին նշանակումները, երբ մրցույթի մասնակիցները առանց մրցույթը հաղթահարելու նշանակվել են պաշտոնի։
Հիշեցնենք, 2025-ի ապրիլին ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, որը նաև նախագահում էր ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը, նշանակվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Դրանից մի քանի ամիս առաջ Զեյնալյանը վայր դրեց մանդատը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից գիշերով sms ստանալուց հետո, սակայն ՔՊ-ական իշխանությունը որոշեց նրան խրախուսել՝ ԺՊ նշանակելով: Հիմա ինտրիգն այն է, թե մրցույթում Զեյնալյանին շանս կտրվի՞ մնալ այդ պաշտոնին, թե՞ նախկին ու ներկա նախարարների տանդեմը՝ Թորոսյանն ու Ավանեսյանը, նրան դուրս կթողնեն:
Էմմա Մարտիրոսյան