Հարությունյանը հեռացավ. նոր իրավիճակ Արցախում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խոստացել է այսօր հրաժարական տալ, իր վերջին հրամանագրերով էլ փոփոխել պետնախարարին ու նորին նշանակել. Գուրգեն Ներսիսյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը:
Հնարավոր զարգացումների պայմաններում, Հարությունյանի ձևակերպմամբ, մոտեցումների փոփոխության կարիք կա, իսկ դրա համար Արցախում պետք է հիմնական դերակատարները փոխվեն։
Արցախի նախագահի հրաժարականը թեև կանխատեսելի էր, բայց մի շարք մեկնաբանությունների տեղիք տվեց:
Օրինակ, պնդում կա, որ Հարությունյանի հրաժարականով վերջակետ դրվեց Արցախի սուբյեկտությանը:
Այս վարկածը, մեղմ ասած, չափազանցություն է:
Արցախի սուբյեկտությունը ոչնչացվել է ոչ թե Արայիկի հրաժարականով, այլ Նիկոլ Փաշինյանի նախապատերազմյան ու հետպատերազմյան արկածախնդիր քաղաքականության հետևանքով:
Ըստ այդմ, Արցախի սուբյեկտությունը վաղուց է ոչնչացվել, Արայիկի հրաժարականը հետևանք է:
Հայաստանի իշխանությանը մոտ կանգնած փորձագիտական շրջանակները գեներացնում են նաև հին համակարգի ռեստավրացիայի թեման՝ փորձելով հասարակությանը կոնսոլիդացնել Փաշինյանի իշխանության շուրջ, որպեսզի իբրև թե բացառվի Ստեփանակերտի սցենարի կրկնությունը Երևանում:
Սա ինքնին կեղծ օրակարգ է:
Ստեփանակերտում, ով էլ լինի ղեկավար, մոտ ապագայում պարտադրված է լինելու ցավոտ լուծումների գնալ, որոնք կարող են ցնցումներ առաջացնել թե Ստեփանակերտում, թե Երևանում:
Վահրամ Բագրատյան