Որտե՞ղ կլինի ԲՀԿ-ն սեպտեմբերի 2-ին

Ինչպես ավելի վաղ գրել էինք, սեպտեմբերի 2-ին Ազատության հրապարակում ընդդիմությունը հանրահավաք է անցկացնելու՝ ի աջակցություն Արցախի:
Այսօր հայտնի դարձավ, որ հանրահավաքին կմասնակցեն ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, "Հայրենիք" կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը, բազմաթիվ այլ ուժեր ու ՀԿ-ներ, որոնց մտահոգում է Արցախի քաոսային ներկան ու ապագան:
Իսկ որտե՞ղ կլինի այդ օրը Գագիկ Ծառուկյանի "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունը:
Քիչ առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ԲՀԿ փոխնախագահ Շաքե Իսայանը գրառում է արել, որը որոշակիորեն փակագծեր է բացում.
"Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը, ես՝ որպես ՀՀ քաղաքացի այցելելու եմ Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն, և իմ լուռ ներկայությամբ զորակցություն եմ հայտնելու Արցախի մեր քույրերին և եղբայրներին:
Կարծում եմ բազմաթիվ մեր հայրենակիցների և իմ կուսակից ընկերներին կհանդիպեմ այնտեղ",- գրել է կուսակցության փոխնախագահը:
Այս գրառումից կարելի է եզրակացնել, որ ԲՀԿ-ականները այդ օրը Ազատության հրապարակում չեն լինի: