Երեխաների ձայները չեն թողնում, որ կրակոցները լսվեն․ Սոթքում սեպտեմբերի 1 է

Կրակոցներ կան, բայց մենք սեպտեմբերի 1-ը պատշաճ մակարդակով անցկացնում ենք։ Այս պահին էլ նշում ենք, չենք ուզում, որ երեխաները կոտրվեն։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Սոթքի միջնակարգ դպրոցի տնօրեն Արտակ Մելքոնյանը։
«Կրակոցներն ավելի հեռվում են, երեխաների ձայներն էլ չեն թողնում, որ կրակոցները լսվեն։ Մենք երեխաներին առանց կրթության չենք թողնի, հիմա իրավիճակը սա է, բայց ինչ էլ լինի, մենք մեր դասերն անցկացնելու ենք, գիտելիքի օրը նշում ենք, որ երեխաները ոգևորվեն»,-ասաց տնօրենը։
Մելքոնյանը նշեց, որ երեխաներն էլ գիտակցում են, թե ինչ հայրենիք ունեն և կարևորում են այն գիտելիքով պահպանելը։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:
Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ:
ՊՆ-ից հայտնում են նաև, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի ինտենսիվությունը ժամը 11:20-ի դրությամբ նվազել է:
Լիաննա Թորոսյան