Իրական թիրախը Իրանն է և Թեհրանը դա լավ հասկանում է. Լոքմագյոզյան

Ցանկացած ձևաչափ օգտագործելի է, մերժելը լավ չի անդրադառնա և 3+3 ձևաչափի մասին կարելի է միանշանակ նույնը ասել։ Չնայած այն հանգամանքին, որ ձևաչափի առաջարկը Թուրքիայի կողմից է ստացվել, և՛ Իրանը, և՛ Ռուսաստանը պատրաստակամություն են հայտնել այդ ձևաչափով բանակցային գործընթաց անցկացնել։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում հայտնեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։
“Ինչ կարող է արվել օգուտ բերելու համար՝ այլ հարց է, բայց չմտնել այդ խաղի մեջ սխալ կլինի: ՀՀ իշխանությունն ունի՞ այդ կարողությունն ու ցանկությունը ինչ-որ բան Հայաստանի համար պոկելու՝ սա լիովին այլ հարց է”,- շեշտեց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով իսրայելա-պաղեստինյան հակամարտությանն ու այնտեղ Իրանի ներգրավվածությանը՝ Լոքմագյոզյանը նշեց, որ առաջին իսկ րոպեներից շատ կասկածելի էին իր համար Նեթանյահուի խոսքերը իրենց անտեղյակ լինելու մասին։ Այդ խոսքերը, նշեց նա, միանգամից հիշեցրել են Էրդողանին և Էրդողանի դեմ “հեղաշրջման փորձը”. այնտեղ ամենը պատրաստված էր և Էրդողանը տեղյակ էր նախապես, թե ինչ է կատարվելու և թույլ տվեց, որ այդ գործողությունը կայանա շատ պարզ պատճառով, որ ավելի շատ դիվիդենտներ ձեռք բերի։
“Չեմ կարծում, որ ՄՈՍԱԴ-ի նման կազմակերպությունն այնքան անկարող էր ամենը գնահատել, որովհետև Պաղեստինի կողմից այս քայլը շատ երկար և մանրակրկիտ աշխատանքի արդյունք կարող էր լինել միայն և այն փաստը, որ ՄՈՍԱԴ-ը տեղյակ չէր՝ ինձ համար հեքիաթների ժանրից է: Ըստ իս՝ նրանք նույն թուրքական խաղը խաղացին”․- շեշտեց Լոքմագյոզյանը։
Այսուհետ, շարունակեց թուրքագետը, Իսրայելի ձեռքերն ազատ կլինեն, որ անի այն, ինչ ուզում է, օրինակ՝ իրականացնի հակաահաբեկչական օպերացիաներ: Եվ իրական թիրախը Իսրայելի համար պաղեստինցիները չեն, պարզապես շատ հարմար առիթ է այս հարցը նույնպես շարքից հանելու համար։ Իրական թիրախը, վստահ է մեր զրուցակիցը, Իրանն է և Թեհրանն արդեն լավ հասկանում է, թե ինչ է ծրագրված իր դեմ։
“Իսրայելը վաղուց հայտարարում էր, որ Իրանի հետ այլևս անկարող է նստել բանակցությունների սեղանի շուրջ և հարցերը կարելի է լուծել միայն պատերազմի միջոցով։ Արցախի տարածքում թուրքերը օդանավակայան են կառուցելու Իրանի սահմանին մոտ և բոլոր նախանշաններն ավելի ակնհայտ են դառնում։ Էրդողանը, իրեն անվանելով մուսուլմանների պաշտպան, խոսեց պաղեստինցիների օգտին և ամպագոռգոռ հայտարարեց, որ ջուր և լույս կտրելն անմարդկություն է: Բայց հենց նույն կերպ Էրդողանը հարձակվում է քրդերի վրա, իսկ երբ դա անում է Իսրայելը՝ անմարդկություն է. Սա ընդամենը դասական թուրքական քաղաքականություն է և ուրիշ ոչինչ “,- եզրափակեց Լոքմագյոզյանը:
Մարիա Զարգարյան