Միջազգային իրավունքի ճգնաժամը 

Միջազգային իրավունքի ճգնաժամը 

«Լեռնային Ղարաբաղի հայերին էթնիկ զտման ենթարկելու ծրագիրն արդեն իրականություն է», - ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում երեկ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումներին իր ելույթում ասել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Նա ասել է, որ այս պայմաններում Ղարաբաղի հայերի իրավունքները պաշտպանող միջանկյալ միջոցներով միայն հնարավոր կլինի կանխել էթնիկ զտումների շարունակությունը, ինչպես նաև պաշտպանել Լեռնային Ղարաբաղի կալանավորված ռազմաքաղաքական առաջնորդներին շինծու մեղադրանքներից։

Հայաստանի կառավարության ներկայացուցիչը շեշտել է՝ եթե միջանկյալ որոշումները անորոշություն են պարունակելու, Ադրբեջանը դրանք կշահարկի և վերջնականապես կհասնի ԼՂ-ում հայկական էթնիկ ներկայության և պատմության ոչնչացումը։

Նկատենք, որ երեկվա դատական լսումների նկատմամբ Հայաստանում շատ փոքր էր հանրային, անգամ քաղաքական և փորձագիտական ուշադրությունը:

Պատճառները խորքային են:

Համաշխարհային քաոսի, տուրբուլենտության պայմաններում միջազգային իրավունքը խորքային ճգնաժամի մեջ է: Մարդիկ հասկանում են, որ միջազգային դատարանների որոշումները հաճախ ձևական բնույթ են կրում, որոշ դեպքերում գործիք են աշխարհաքաղաքական շահերի համար:

Ինն ամիս Ղարաբաղը գտնվում էր տոտալ շրջափակման մեջ, ինչն ավարտվեց Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությամբ ու էթնիկ զտումներով: Այս ընթացքում անգործություն դրսևորեց ոչ միայն ռուսական խաղաղապահ առաքելությունը, այլ նաև քաղաքակիրթ Արևմուտքը, որը գեղեցիկ հայտարարություններից անդին չանցավ, երբ նույնիսկ Ադրբեջանը ցինիկաբար հրաժարվեց կատարել միջազգային դատարանի որոշումները՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ:

Մարդիկ հիմա չեն հավատում նաև միջազգային դատարանի պոստֆակտում որոշումներին. ի վերջո, միջազգային հանրությունը լռելյայն կոնսենսուսով ընդունել է Արցախի հայաթափության փաստը:

Վահրամ Բագրատյան