Իր իշխանությունը պահելու համար՝ Փաշինյանը ՌԴ-ին դարձնում է քավության նոխազ

Ադրբեջանը հասկանում է, որ արևմտյան միջնորդությունից ստացել է առավելագույնը և այս պահին փորձում է ցույց տալ թե՛ Արևմուտքին, թե՛ Ռուսաստանին, որ Արևմուտքի պահանջով ինչ-որ փոխզիջումների գնալու առաջարկ եթե լինի, և ոչ միայն Արցախի հետ կապված, նա հավակնություն կտա ռուսական ֆորմատին։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում հայտնեց Ռազմավարական հետազոտությունների եւ նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը։
«Ադրբեջանը հմտորեն խաղում է Արևմուտքի և Ռուսաստանի միջև՝ որոշակի մեսիջներ է ուղարկում ռուսական կողմին, որպեսզի ռուսական կողմը կոշտ գործողությունների չգնա, հույս ունենալով, որ հավակնություն կտրվի հենց ռուսական տարբերակին։ Ադրբեջանի հմուտ խաղի ֆոնին մենք տեսնում ենք ՀՀ իշխանությունների կողմից ստեղծված պատկերը ՝ արևմտյան ձևաչափի հանդիպումներ Բրյուսելում, Պրահայում և ապա Գրանադայում, որի արդյունքում, մի կողմից, Հայաստանը կորցնում է ՌԴ վստահությունն ու աջակցությունը ու նույնիսկ կարելի է ասել, որ Ռուսաստանը որոշակիորեն պատժեց Հայաստանին, իսկ մյուս կողմից որևէ արդյունք չի ստանում արևմտյան ձևաչափից»,- նշեց մեր զրուցակիցը։
Խալաթյանի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամի հետ մեկտեղ մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը իր իշխանությունը պահելու համար գնում է այն քայլերին, որոնց արդյունքում Ռուսաստանին կկարողանա և կդարձնի քավության նոխազ՝ ողջ մեղքը բարդելով ռուսական կողմի վրա, և հենց այդ տրամաբանությամբ առաջնորդվելով, հրաժարվում է Բիշքեքի հանդիպումից: Իսկ այդպես, վստահ է Խալաթյանը, էլ ավելի է խորացնելու ճգնաժամը հայ-ռուսական հարաբերություններում, բայց միևնույն է չի ստանալու Արևմուտքի աջակցությունը։
Անդրադարձ կատարելով անկլավների հարցին, Խալաթյանը նշեց, որ վերջին հայտարարություններից ելնելով՝ Ադրբեջանը չի սահմանափակվելու միայն Արցախով, այլ ամեն քայլի գնալու է, որ ստանա անկլավները, քանի որ դրանք իրեն պետք են, որպեսզի վերահսկողություն սահմանի Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհների և ենթակառուցվածքների վրա։
«Ադրբեջանը վերջնականապես ցանկանում է քանդել պաշտպանության վերջին հստակ գծերը։ Տավուշի մարզում պաշտպաական գծերն ունեն տասնամյակների պատմություն, իսկ Սյունիքում, Վայոց ձորում պաշտպանական գիծը նոր է ձևավորվել, վերջին պատերազմից հետո: Եվ այս ամենը քաջ գիտակցելով, Բաքուն ցանկանում է վերացնել վերջին պաշտպանական հենասյուները, ինչը չափազանց բացասական հետևանքներ կունենա մեր երկրի համար»,- եզրափակեց Խալաթյանը։
Մարիա Զարգարյան