Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կարծում է, որ 2008 թ. Կոսովոյի կողմից Սերբիայից անկախության միակողմանի հռչակումը միջազգային իրավունքի խախտում է։ Այսպես է նա մեկնաբանել իրադրության երեկվա սրումը, որը տեղի է ունեցել մասամբ ճանաչված հանրապետության հյուսիսում, գրում է «Կոմերսանտ»-ը։
«Կարծում ենք, որ անկախության միակողմանի հռչակումը, սա Իսպանիայի կառավարության կարծիքն է, ալբանական կառավարության կարծիքի նկատմամբ ամենայն հարգանքով հանդերձ, միջազգային իրավունքի խախտում է։ Դա անընդունելի է մեզ համար՝ ամենայն հարգանքով, որ մենք տածում ենք ալբանացի ժողովրդի նկատմամբ։ Դա չի նշանակում, որ մենք չենք պահպանում երկխոսությունը Պրիշտինայի հետ՝ հանուն ԵՄ-ի հետ մերձեցման։ Դա Իսպանիայի դիրքորոշումն է»,- ասել է պարոն Սանչեսը Ալբանիա կատարած այցի ժամանակ։
Երեկ՝ հուլիսի 31-ին, Սերբիայի հետ սահմանին կրակոցներ էին հնչել, ներգրավվել են Կոսովոյի հատուկ ջոկատայինները։ Սերբական բանակը մարտական պատրաստության է բերվել: Պատճառն այն էր, որ չճանաչված հանրապետության իշխանություններն օգոստոսի 1-ից պահանջում էին փոխարինել Կոսովոյի հյուսիսում բնակվող սերբերի համար Սերբիայում տրված ավտոմեքենաների համարներն ու անձնական փաստաթղթերը: Հետագայում այդ միջոցառումները հետաձգվեցին մինչեւ սեպտեմբերի 1-ը։
Իրավիճակի սրման ֆոնին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ելույթ ունեցավ ժողովրդի առջեւ։ Նա Կոսովոյի ներկայիս վարչապետ Ալբին Կուրտիին «նոր Զելենսկի» անվանեց, ով փորձում է օգտագործել աշխարհում ստեղծված իրավիճակը։ Իր հերթին Կոսովոյի վարչապետը մեղադրեց Ալեքսանդր Վուչիչին տարածաշրջանում լարվածություն ստեղծման համար: