Այսօրվանից շրջանառությունից հանվել են տրանսպորտից օգտվելու համար նախատեսված թղթե QR կոդերը։ Քաղաքային իշխանություններն էլ հայտարարել են, որ այսուհետ տուգանելու են այն քաղաքացիներին, որոնք տրանսպորտից օգտվելիս ուղեվարձը չեն վճարելու։
MediaHub-ը հիշեցնում է, որ դեռ հուլիսի 3-ի արտահերթ նիստում Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ներհամայնքային տրանսպորտից օգտվելու կանոնները խախտելու համար տուգանքներ սահմանող օրենսդրական փաթեթը։ Օրենքը սահմանում է երեք հիմնական տուգանքի չափ. 10,000 դրամ՝ ուղեվարձը չվճարելու կամ տոմսը չվավերացնելու համար, որը վերաբերում է այն դեպքերին, երբ ուղևորը փորձում է երթևեկել առանց վճարման; 15,000 դրամ՝ ուրիշի համար նախատեսված արտոնյալ տոմսից (օրինակ՝ թոշակառուի կամ ուսանողի) օգտվելու համար և սա ամենաբարձր տուգանքն է այս շարքում։ Եվ 3,000 դրամ՝ տոմս ունենալու, սակայն այն վալիդատորով չվավերացնելու համար։ Այսինքն՝ այս տուգանքը նախատեսված է ոչ թե չվճարելու, այլ տրանսպորտային միջոց մտնելուց հետո ուղևորությունը չգրանցելու համար։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հասարակական տրանսպորտում համապատասխան հսկողության իրականացման լիազորությունները վերապահվել է քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությանը, փաստացի, հասարակական կարգի պահպանության աշխատակիցները կսկսեն տուգանել քաղաքացիներին, ովքեր չեն վճարի ուղեվարձը հանրային տրանսպորտում։
«Ծրագրային գործընթացներն այս շաբաթվա ընթացքում ամբողջությամբ կավարտվեն և հասարակական կարգի պահպանության ծառայության մեր գործընկերների հետ կիրականացվեն դասընթացներ, թե ինչպես է պետք ստուգումն իրականացնել տրանսպորտում: Դրանից հետո արդեն ստուգումները կսկսվեն իրականացվել»,- ասել էր փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հուլիսի 28-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Փոխքաղաքապետը հստակեցրել էր, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում նախատեսվող վերապատրաստումներից հետո փաստացի կմեկնարկի խախտումներ կատարած անձանց տուգանելու գործընթացը։
Ի՞նչ փուլում է գործընթացը, երբվանի՞ց չվճարող քաղաքացիները կտուգանվեն, տուգանքը վճարվելու է տեղո՞ւմ, թե՞ այլ եղանակով. Այս հարցերի պատասխանները ստանալու նպատակով MediaHub-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ։
«Չնայած, որ հուլիսի 3-ին ԱԺ–ն ընդունեց օրենսդրական փաթեթը, սակայն, փաստացի այս պահին դեռ չի կիրառվում, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ էլ հայտարարվեց, որ հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների հետ տեխնիկական միջոցների որոշակի դասընթացներ կանցկացվեն, որպեսզի այդ լիազորությունները կարողանան կիրառել»,– նշեց Կոստանյանը։
Մեր հարցին, թե արդյո՞ք Երևանի քաղաքապետարանը կզգուշացնի քաղաքացիներին, որ, օրինակ, X օրվանից սկսած հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները կսկսեն տուգանել հանրային տրասնպորտում ուղեվարձը չվճարած քաղաքացիներին, Կոստանյանը նշեց․ «Չեմ կարծում, որ դա նախազգուշացնելու կարիք ունի, քանի որ օրենքը որոշված է, այդ պրոցեսը կարող է լինել անգամ վաղվանից, կամ 10 օր հետո, կախված նրանից, թե ե՞րբ ամբողջապես պատրաստ կլինեն թե՛ տեխնիկապես, թե՛ աշխատակիցները, որպեսզի այդ գործառույթն իրականացնեն»։
Նկատենք, որ արտասահմանյան բազմաթիվ երկրներում տրասնպորտում տուգանվելիս քաղաքացիները պետք է վճարեն տուգանքը հենց այդ պահին, իսկ ինչպե՞ս է իրականացվելու այդ գործընթացը ՀՀ–ում: MediaHub–ի հարցին ի պատասխան քաղաքապետի խոսնակը նշեց, որ քաղաքացիները 15 օրվա ընթացքում պետք է վճարեն տուգանքը։ Իսկ տուգանելու գործընթացն էլ կմեկնարկի անմիջապես դասընթացներն ավարտելուց հետո։
Մարիաննա Արամյան