Մի քանի օր առաջ MediaHub-ը «Սկանդալային բացահայտում․ Ջոմարդյանի առանձնատան կառուցման վրա կարմիր բերետավորներ են աշխատել և պարգևավճար ստացել» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որը հիմնված էր մեզ հասցեագրված անանուն նամակի վրա։
Ըստ այդ նամակի՝ կարմիր բերետավորների սկանդալային հրամանատար Հայկազ Ջոմարդյանը, որ հանրահավաքներին պարբերաբար աչքի է ընկել խաղաղ ցուցարար ծեծելով, պարզվում է, Նոր Հաճնում իր առանձնատան շինարարության վրա աշխատեցրել է իր ենթակայությամբ ծառայող կարմիր բերետավոր ոստիկանների, որոնց հետո նաև պարգևավճար է տվել։ Նամակում այլ ուշագրավ տեղեկություններ նույնպես զետեղված են, որոնք մենք ամբողջությամբ ներկայացրել ենք հոդվածում։
Գլխավոր դատախազությունից և Հակակոռուպցիոն կոմիտեից մեզ ասել էին, որ ուսումնասիրում են մեր հոդվածը, որ հասկանան՝ ինչ ընթացք են տալիս դրան։
Գլխավոր դատախազությունից այսօր MediaHub-ին ասացին, որ հոդվածն ուսումնասիրվել է և ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու։
Հակակոռուպցիոն կոմիտեից էլ MediaHub-ին հայտնեցին, որ Կոմիտեն մամուլի հրապարակման հիման վրա օպերատիվ ստուգում է իրականացնում: Այլ բան չասացին:
Վահե Մակարյան