Խաղաղություն բառը երբեք այսքան ոչնչացված չէր եղել․ Աբրահամյան
Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների փաստաթղթից սահմանների դելիմիտացիայի, դեմարկացիայի և ռեգիոնալ ապաշրջափակման մասին դրույթների առանձնացումն ու զուգահեռ գործընթաց տանելն ամբողջությամբ զրոյացնում է խաղաղության օրակարգի յուրացումը։ Այս մասին Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Խաղաղության պայմանագիրն իր մեջ երեք առանցքային հարց էր պարունակում՝ սահմանների ճշգրտում, ճանապարհների բացում և Արցախի հարց։ Արցախի հարցը, ՀՀ իշխանության լուռ համաձայնությամբ, Ադրբեջանը փորձեց լուծել ռազմական ճանապարհով, իսկ մյուս երկու դրույթների շուրջ ստեղծված հակասությունները փորձում են լուծել դրանք հիմնական փաստաթղթից հեռացնելով։ Խաղաղություն բառը երբեք այսքան ոչնչացված չէր եղել՝ մի կողմից միջազգային դերակատարների լռությունն է, մյուս կողմից Ադրբեջանի դիրքավորումը և մյուս կողմից անվերջանալի սուտ ու կեղծիք ՀՀ իշխանությունների կողմից: Ինչ է ստացվում: Մի կողմից ընթանում է բանակցություններ բարի ցանկությունների ու մաղթանքների մասին փաստաթղթի մասին, որը Հայաստանի իշխանությունն ինչ-որ փուլում փորձելու է թանկ ծախել հասարակության վրա, իսկ զուգահեռ իրականությունում՝ բանակցություններն անկյունաքարային հարցի վերաբերյալ մտնում են փակուղի»,- ասաց պատգամավորը։
Ըստ նրա՝ սա նշանակում է, որ «մեր տարածաշրջանում այդպես սպասված ու չարչրքված երկարաժամկետ խաղաղության ու կայունության մասին պետք է մոռանալ»:
«ՀՀ Իշխանությունը մի օր, ըստ քաղաքական նպատակահարմարության, խոսում է խաղաղությանը մոտ լինելու մասին՝ փափուկ բարձ դնելով հասարակության գլխի տակ, մեկ այլ իրավիճակում ստիպված է լինում խոստովանել իրականությունը՝ խոսում խաղաղության գործընթացի տորպեդավորման կամ գործընթացի վտանգման մասին: Խաղաղություն բառը երբեք այսքան ոչնչացված չէր եղել՝ մի կողմից միջազգային դերակատարների լռությունը։ Մի կողմից՝ Ադրբեջանի ագրեսիվ դիրքավորումը, մյուս կողմից՝ շարունակ ստեր ու կեղծիքներ հայաստանյան իշխանության կողմից, որոնք անընդհատ իրենց հետ նոր մարդկային և տարածքային կորուստներ են բերում:
Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունն աննախադեպ բռնաբարության են ենթարկվում, իսկ իշխանությունը շարունակում է պնդել, որ պետք է թուլանալ և հաճույք ստանալ: Այս իշխանությունը հասարակությանը ոչ թե խաղաղության, այլ երկրի փլուզման համակերպմանն է տանում»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում