Ալեն Սիմոնյանը շարունակում է ձախողումներ գրանցել դատարանում՝ ընդդեմ MediaHub-ի և լրագրող Վահե Մակարյանի։ Հիշեցնենք, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երկու դատական հայց էր ներկայացրել MediaHub-ի և նույն լրատվամիջոցի լրագրող Վահե Մակարյանի դեմ, որոնցից մեկը Երևանի առաջին ատյանի դատարանը երկու անգամ հետ էր վերադարձրել։ Բայց Ալեն Սիմոնյանը չի հանգստացել, և ամեն գնով լրատվամիջոցին ու լրագրողին դատի տալու և 1 մլն դրամ փոխհատուցում «պոկելու» իր ցանկություններին հագուրդ տալու համար փաստաբան Զարուհի Կարապետյանին հանձնարարել է բողոքարկել Առաջին ատյանի քաղաքացիական դատարանի մերժումը Վերաքննիչ քաղաքացիական դատարանում։
Այսօր մենք ստացանք Վերաքննիչ քաղաքացիական դատարանի ծանուցումը առ այն, որ Ալեն Սիմոնյանի ու նրա փաստաբանի վերաքննիչ բողոքը ևս մերժվում է։ Դատավոր Ս․ Սահակյանի որոշման մեջ նշված է․ «Թիվ ԵԴ2/1567/02/25 քաղաքացիական գործով ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» 14.04.2025 թ․ որոշումը թողնել օրինական ուժի մեջ»։
Այն, որ ի սկզբանե Ալեն Սիմոնյանի հայցերը անիմաստ էին և անհեթեթ՝ մեր գնահատմամբ, և նպատակ ունեն ընդամենը լռեցնելու լրագրողին ու լրատվամիջոցին, այդ մասին մենք խոսել ենք քանիցս։ Բայց, բանից պարզվում է, իրավաբանի կրթություն ստացած Ալեն Սիմոնյանն ու իր փաստաբան Զարուհի Կարապետյանը անգամ գրագետ հայց գրելու տեխնիկային, ստացվում է, լավ չեն տիրապետում, որ լրագրողների դեմ հայցերն այնպես կազմեն, որ դատարանը գոնե վարույթ ընդունի դրանք։