Դատարանը երկու անգամ հետ է վերադարձրել Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ MediaHub-ի և Վահե Մակարյանի 

Դատարանը երկու անգամ հետ է վերադարձրել Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ MediaHub-ի և Վահե Մակարյանի 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած դատական հայցը՝ ընդդեմ MediaHub լրատվական կայքի և լրագրող Վահե Մակարյանի, դատարանը վերադարձրել է։ Ընդ որում, դատարանը Սիմոնյանի փաստաբան Զարուհի Կարապետյանի ներկայացրած հայցադիմումը վերադարձրել է երկու անգամ։ 

Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Ալլա Քյուրքչյանը խնդիրներ է հայտնաբերել Ալեն Սիմոնյանի փաստաբանի կողմից ներկայացված հայցադիմումի մեջ և այն վերադարձրել հետ՝ չընդունելով վարույթ։ Փաստաբանն էլ որոշել է Առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել Վերաքննիչ քաղաքացիական դատարանում։ Այսօր մենք հերթական նամակը ստացանք Զարուհի Կարապետյանից, որով տեղեկացանք, որ վերջինս դատավոր Ալլա Քյուրքչյանի որոշումը որոշել է բողոքարկել վերադաս ատյանում։ Փաստորեն, Ալեն Սիմոնյանը, որը տասնյակ հայցադիմումներ է ներկայացրել լրագրողների և հանրային տարբեր գործիչների նկատմամբ՝ այդպիսով փորձելով զսպել իր դեմ քննադատությունները, ոչ մի կերպ չի հանգստանում և Առաջին ատյանի դատարանի դատավորի կայացրած որոշումը հիմա էլ բողոքարկում է Վերաքննիչ դատարանում, որ ամեն գնով հասնի լրագրողին ու լրատվամիջոցին ճնշելու կամ վնաս պատճառելու իր նպատակին։

Հիշեցնենք, Ալեն Սիմոնյանը MediaHub-ի և նույն լրատվամիջոցի լրագրող Վահե Մակարյանի դեմ երեք դատական հայց է ներկայացրել, որոնցից երկուսը՝ «Մեդիահաբ» ՍՊԸ-ի և Վահե Մակարյանի, մեկը՝ միայն Վահե Մակարյանի դեմ։ Երեքով էլ Սիմոնյանը լրատվամիջոցից և լրագրողից մեկական մլն դրամ գումար փոխհատուցում է պահանջում դատարանից, նաև փաստաբանը միջնորդել է դատարանին, որ վերջինս հայցի ապահովման միջոց կիրառի և «Մեդիահաբ» ՍՊԸ-ի ու լրագրող Վահե Մակարյանի գույքի և հաշիվների վրա կալանք դնի։

Վահե Մակարյան