ՀԷՑ-ին նոր միացող բաժանորդները չպետք է խնդիրներ ստեղծեն հին բաժանորդների համար․ Բաղրամյան

Ապրիլի 1-ից միացման վճարների թանկացում է տեղի ունեցել, խնդիրն այն է, որ այդ միացման վճարները 2008 թվականից չէին վերանայվել։ Ապրիլի 1-ից, երկար քննարկումների արդյունքում, վերանայում է տեղի ունեցել։ Ամբողջ խնդիրն այն է, որ նոր միացող բաժանորդները պետք է խնդիրներ չստեղծեն գոյություն ունեցող բաժանորդների համար։ Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, որ տեղեկություններ կան, որ ՀԷՑ-ի նոր բաժանորդները պետք է մինչև 700 հազար դրամ վճարում անեն, որը ՀԾԿՀ-ի մշակած բանաձևն է։ 

«Բավական մեծ սանդղակ կա, կարող եք առանձին դիմել, մենք կասենք։ Կա անհատական բնակարանների համար, կան սովորական միացումներ, կան պարզ միացումներ, կա բնակավայրում և բնակավայրից դուրս, կան լարումներով տարբերակումներ։ Մեկ թիվ չէ, բայց միջինում 2-3 անգամ բարձրանում է։ Կրկնում եմ՝ սկզբունքն այն է, որ նոր միացող բաժանորդը մնացյալ բաժանորդների սակագների վրա ազդեցություն չստեղծի»,-ասաց նա և համեմատականներ տանելով նշեց, որ ընդամենը բալանսն է վերականգնվել։

Դիտարկմանը, թե հարցեր են առաջանում, թե ինչու պետք է ՀԷՑ-ի բաժանորդ դառնալու համար խոշոր գումար վճարել, վերջինս պատասխանեց․

«Իսկ դուք պատրաստ եք, օրինակ, ես առանձնատուն կառուցեմ անմարդաբնակ սարի գլխին, 1-2 մրլդ Հայաստանի էլեկտրական ցանցերը ծախս անեն, որ էլեկտրաէներգիա մատակարարի, բայց տարվա մեջ այդ տանը 2-3 անգամ լինենք, բայց բոլոր գործող բաժանորդներն այդ ծախսը փոխհատուցեն։ Ընդհանուր սկզբունքը սա է»,- պարզաբանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։