Կոնգրեսում Թրամփի իմպիչմենտի առաջարկ է ներկայացվել

Կոնգրեսում  Թրամփի իմպիչմենտի առաջարկ է ներկայացվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտի ենթարկելու առաջարկ է ներկայացվել Ներկայացուցիչների պալատ։ Այս մասին Միչիգանի կոնգրեսական Շրի Թանեդարը հայտնել է սոցիալական ցանցերում։

«Ես ներկայացրել եմ նախագահ Թրամփի դեմ իմպիչմենտի հոդվածներ։ Երբ Թրամփը անտեսում է Սահմանադրությունը, Կոնգրեսը և դատարանները, նա չի պայքարում Ամերիկայի համար։ Նա ոչնչացնում է այն և վտանգում մեր ժողովրդավարությունը»,- գրել է կոնգրեսականը։

Թանեդարը նշել է, որ ներկայացրել է իմպիչմենտի յոթ հոդված՝ մեղադրելով Թրամփին մի շարք լուրջ խախտումների մեջ։

Հանրապետական նախագահի դեմ մեղադրանքների թվում է Կիլմար Աբրեգո Գարսիայի արտաքսումը, ում, ըստ Թանեդարի, սխալմամբ ուղարկել են Սալվադոր։

Կոնգրեսականը նաև մեղադրում է Թրամփին՝ առանց Կոնգրեսի հաստատման, Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) միջոցով առանձին պետական ​​​​գործակալությունների բյուջետային ծախսերը կրճատելու համար։

Իմպիչմենտի այլ հիմքերի շարքում Թանեդարը նշել է «Թրամփի ագրեսիվ մաքսային քաղաքականությունը, որը վնասել է միջազգային տնտեսությանը, լրատվամիջոցների ճնշումը, ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխության (խոսքի ազատության երաշխիք) խախտումը, կաշառակերությունը, դատարանների աշխատանքին միջամտությունը և քաղաքացիների անձնական տվյալների անօրինական հավաքագրումը»։