Ալեն Սիմոնյանի՝ կրկնակի «տարած-հետ բերած» խորհրդականը նորից նշանակվեց նույն պաշտոնին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Հովհաննես Նալբանդյանը 2024 թվականի օգոստոսի 6-ից նորից նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական:
Հիշեցնենք, MediaHub-ը երեկ գրել էր, որ Նալբանդյանը «սեփական դիմումի» համաձայն ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից անակնկալ կերպով ազատվել էր այս տարվա մարտի 18-ից: Ազատման հիմքում մի անձնական բնույթի սկանդալային պատմություն է ընկած եղել։
Դրանից հետո Նալբանդյանը տեղափոխվել է ՀԾԿՀ, որպեսզի այնտեղից էլ հետո նշանակվի դատավոր, բայց դատավոր դառնալու հեռանկարն ինչ-ինչ պատճառներով ձգձգվել է։ Մենք երեկ տեղեկացանք, որ Նալբանդյանը, իրականում, հանձնել է դատավորի քննությունները, անցել է, բայց դեռ թափուր տեղ չկա՝ մոտ մեկ տարուց կլինի, դրա համար էլ այս պահին չի նշանակվել դատավոր։
Ու քանի որ ՀԾԿՀ-ում էլ աշխատավարձն ԱԺ նախագահի խորհրդականի աշխատավարձից մոտ կրկնակի ցածր էր, իր համար էլ այդքան կոմֆորտ միջավայր չէր, նա նորից ցանկություն է հայտնել վերադառնալ խորհրդարան՝ հին պաշտոնին։
Նալբանդյանը մեզ հետ զրույցում չէր հերքել, որ իր և Ալեն Սիմոնյանի կողմից փոխադարձ ցանկություն կա, որ նա վերականգնվի հին պաշտոնին։ Մենք էլ գրել էինք, որ Հովհաննես Նալբանդյանն այս իմաստով «տարած-հետ բերած» խորհրդական է։ Բայց նա, պարզվում է, միայն այս մի դրվագով չէ «տարած-հետ բերած»։ Երեկվա մեր հոդվածից հետո Ազգային ժողովում նրան ճանաչողները մեզ պատմեցին, որ Հովհաննես Նալբանդյանը նախկինում էլ է աշխատելիս եղել Ազգային ժողովում, և մեկ անգամ էլ 2018-ի իշխանափոխությունից հետո է ազատվել աշխատանքից, քանզի խորհրդարանի ՔՊ-ական ղեկավարությունը նրան էլ, շատերի նման, որպես «նախկին» է դիտարկել։ Բայց Նալբանդյանը կարճ ժամանակում, ինչպես շատ «նախկիններ», հասցրել է տրանսֆորմացվել որպես «ներկա» և սկզբում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մոտ խորհրդական է եղել, ապա դարձել է արդեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խորհրդական։
Հիմա նորից եղավ դարձ ի շրջանս յուր։ Այսինքն՝ նա, այս իմաստով, կրկնակի «տարած-հետ բերած է»։ Նա այս կարգավիճակում, սակայն, երկար չի մնա․ Ալեն Սիմոնյանին հատկապես վարչական իրավունքի ոլորտում խորհուրդներ կտա այնքան ժամանակ, մինչև դատավորի հաստիքի թափուր տեղ կազատվի իր համար, ու նա նորից ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատման դիմում կգրի, որ նշանակվի դատավոր։
Վահե Մակարյան