«Տարած-հետ բերած» խորհրդականը․ ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանը նորից հետ բերում Հովհաննես Նալբանդյանին

«Տարած-հետ բերած» խորհրդականը․ ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանը նորից հետ բերում Հովհաննես Նալբանդյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նորից հետ է կանչում իր խորհրդական Հովհաննես Նալբանդյանին։

Վերջինս «սեփական դիմումի» համաձայն ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից անակնկալ կերպով ազատվել էր այս տարվա մարտի 18-ից։ Ու թեև, բնականաբար, ինչպես «սեփական դիմումի համաձայն» ազատումների մեծ մասում է լինում, չի նշվում, թե ինչու են ազատվել պաշտոնից, բայց, MediaHub-ի տեղեկություններով՝ ԱԺ նախագահի խորհրդականի ազատումը կապված է եղել մի սկանդալային պատմության հետ, և Ալեն Սիմոնյանն ինքն է բարեկամաբար հորդորել՝ դիմում գրել և հեռանալ։ 

Այդ մասին շենքում շատ քչերը գիտեն։ Նալբանդյանը, սակայն, դեռ ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնում եղած ժամանակ մտադիր է եղել դառնալ դատավոր, և հարմար պահի էր սպասում, որ մասնակցեր մրցույթին և մտներ դատական համակարգ։ Ու խորհրդականի պաշտոնից ազատվելուց հետո, որպեսզի անգործ չմնա, ու նաև դատավոր դառնալու համար աշխատանքային հիմքերն ու կենսագրությունը ամուր լինեն, Նալբանդյանն աշխատանքի է անցել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում՝ մինչև կիրագործվեն դատավոր դառնալու իր պլանները։ 

Սակայն մեզ պատմեցին, որ դատական համակարգ տեղափոխվելը ինչ-ինչ պատճառներով ձգձգվել է, ՀԾԿՀ-ում էլ Նալբանդյանն իրեն այդքան էլ հարմարավետ չի զգացել, նաև աշխատավարձն էր ցածր ԱԺ նախագահի խորհրդականի աշխատավարձի համեմատ, և նա որոշել է նորից դիմել Ալեն Սիմոնյանին, որ վերադառնա իր նախկին պաշտոնին, և աշխատի այնքան ժամանակ, մինչև նորից հնարավորություն կստեղծվի դատավոր դառնալու։

Սիմոնյանն էլ բավարարել է խնդրանքը, և համապատասխան հրամանը մոտ օրերս արդեն կհրապարակվի, քանի որ Նալբանդյանի դիմումը, որով խնդրում է իրեն ընդունել աշխատանքի ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնում, արդեն ուղարկվել է Ալեն Սիմոնյանին։

MediaHub-ի հետ զրույցում Հովհաննես Նալբանդյանը հաստատեց, որ մտադիր է նորից վերադառնալ նույն պաշտոնին։

«Այո, որոշել եմ վերադառնալ, ցանկությունը կա, բայց դեռ հրամանը չկա»,- ասաց Նալբանդյանը։

Հարցրինք՝ ցանկությունը ի՞ր կողմից, թե՞ Ալեն Սիմոնյանի, Նալբանդյանը կարճ պատասխանեց․ «Փոխադարձ»։ 

Իսկ ինչո՞ւ որոշեց ազատվել ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից և տեղափոխվել ՀԾԿՀ, Հովհաննես Նալբանդյանն ասաց, թե ուղղակի ուզում էր ոլորտ փոխել։ 

Երբ հարցրինք՝ ինչո՞ւ որոշեց, որ պետք է ՀԾԿՀ-ից էլ դուրս գա, նոր ոլորտը դուրը չեկա՞վ, Նալբանդյանը հանկարծ հիշեց, որ իրեն հարմար չէ այլևս խոսելը, ու խոստացավ մի փոքր ավելի ուշ զանգել։

Իր խոստացած «մի փոքր ավելի ուշ»-ից ուղիղ մեկ օր է անցել, սակայն Հովհաննես Նալբանդյանն այդպես էլ խոստումը չկատարեց ու չզանգեց։ Մենք այսօր ևս զանգահարեցինք նրան՝ հիշեցնելու, որ խոստացել էր զանգել ու պատասխանել մեր հարցրեին, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց։ 

Ի դեպ, կարող էինք այլ համարով զանգել, բայց հատուկ նույն համարով զանգահարեցինք, որովհետև կարծում ենք, որ եթե տղամարդը մի բան խոստանում է, ապա նա պետք է պահի այդ խոստումը, հատկապես, որ Ազգային ժողովում Հովհաննեսին ճանաչողները նրա մասին այսքան ժամանակ միայն դրական են արտահայտվել, որ «Հովոն կարգին տղա է»։ Ուստի ակնկալում էինք, որ այդ կարգին տղան պետք է չխուսափեր իրեն վերաբերող մի քանի հարցի պատասխանելուց, խոստումն էլ պիտի պահեր։ Թեպետ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, Փաշինյանի թիմում կամ նրա թիմակցի մոտ պաշտոնի անցնողների դեպքում միանգամայն նորմալ է, որ խոստում տան ու խոստումը չպահեն։ Հուսանք՝ գոնե Ալեն Սիմոնյանին այդպիսի խորհուրդներ չի տա Հովհաննեսը, որ պետք է լրագրողներին «ցրել» ու խոստումները չպահել։

Վահե Մակարյան