ԱԽՔ-ի սենսացիոն ինքնախոստովանությունը

ԱԽՔ-ի սենսացիոն ինքնախոստովանությունը

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը երեկ հանդես է եկել սենսացիոն մի հայտարարությամբ:

Արմեն Գրիգորյանը պնդել է՝ խաղաղության պայմանագրի երկու տեքստ կա՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջարկածը։

Սա այն է, ինչ մենք պնդել ենք ամիսներ շարունակ՝ հանդիպելով իշխանության ներկայացուցիչների համառ հակաճառությանը:

Փաստորեն, ադրբեջանցիները, ռուսները, գուցե այլք ունեն հայ- ադրբեջանական կարգավորման տարբերակներ, բայց օրակարգ, տեսլական չունի Երևանը:

Ակնհայտորեն աշխարհի ոչ մի երկիր, առաջին հերթին՝ Ադրբեջանը, Արցախը չեն տեսնում Բաքվի ենթակայությունից դուրս: Եթե պաշտոնական Երևանը չունի կարգավորման իր փաթեթը, ենթադրվում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը «ձեռքերը լվացրել» է Արցախից ու փաստորեն միջազգային հանրությանը չի համոզում, որ ԼՂ հարցը պետք է կարգավորվի ինքնորոշման սկզբունքի իրացման ճանապարհով:

Եթե պաշտոնական Երևանը չունի կարգավորման տարբերակ ու Արևմուտքից էլ, ինչպես Գրիգորյանն է պնդում, առաջարկություններ չեն ստացվել, եզրակացությունը մեկն է՝ Բրյուսելում ու Վաշինգտոնում Փաշինյանի թիմը բանակցել է ադրբեջանական տարբերակը, որը ենթադրում է Արցախի ենթակայություն Բաքվին:

Արդ, հարց է ծագում՝ ինչո՞ւ էին ամիսներ շարունակ Փաշինյանը ու նրա թիմը գովերգում արևմտյան միջնորդական հարթակները:

Եվ վերջապես, ստացվում է՝ Հայաստանի արտաքին քաղաքականության արդյունավետությունը զրոյական է ու մեր հույսն այն է, որ Մոսկվան կարող է ինչ-որ բան համոզել կամ պարտադրել Բաքվին:

Այս դեպքում՝ ինչո՞ւ համար ենք հարկատուների հաշվին վարչապետի աշխատակազմ, ԱԳՆ, ԱԽ գրասենյակ պահում...

Վահրամ Բագրատյան