«Անհասկանալի» Փաշինյանը

«Անհասկանալի» Փաշինյանը

ՀԱՊԿ փաստաթղթում ռազմատեխնիկական օգնության ցուցաբերման մասին տող կա նշված, նախ՝ պարզ չի, թե կոնկրետ ի՞նչ օգնություն ա առաջարկվում, և հետո, այս պայմաններում ընդունել այդ օգնությունը կնշանակի ընդունել նաև այն ստատուս քվոն, որն այժմ կա մեր սահմաններում։ Եվ առանց հստակ քաղաքական գնահատականի ընդունել ՀԱՊԿ մոնիթորինգի իրականացման առաջարկը, կնշանակի համակերպվել այս ստատուս քվոյի հետ։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության անդամների հետ վերջին հարցուպատասխանի ընթացքում նշել է Նիկոլ Փաշինյանը։

Շատ դժվար է հասկանալ, թե ինչ է ուզում ասել Փաշինյանը:

Խուճուճ նախադասությունների արանքում նա կորցնում է բովանդակությունը, լղոզում է խոսքը:

Ի վերջո, նրանից պահանջվում էր կոնկրետ նշել՝ որո՞նք են ՀԱՊԿ առաջարկած օգնության կոնկրետ միջոցառումները, դրանք ամրապնդելո՞ւ էին Հայաստանի անվտանգությունը, թե՞ հակառակը՝ այն ավելի խոցելի էին դարձնելու ու նպաստելու էին Բաքվի ագրեսիվ օրակարգի զարգացմանը:

Միայն դրանից հետո հնարավոր կլինի գնահատական տալ ՀԱՊԿ վերջին գագաթնաժողովում Փաշինյանի վարքագծի արդյունավետությանը:

Զարմանալին այն է, որ Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ում նախագահող երկրի ղեկավարը, «հպարտանում» է, թե «պարզ չի, թե կոնկրետ ի՞նչ օգնություն ա առաջարկվում»: Սա ամոթ է, խայտառակություն է:

Փաշինյանը ինչ-որ «ստատուս քվոյի» մասին է խոսում, որը մեզ համար անբարենպաստ է ու իբրև թե ամրապնդվելու էր, եթե ՀԱՊԿ դիտորդները գային տարածաշրջան: Այս համատեքստում լեգիտիմ հարց է առաջանում՝ իսկ արդյո՞ք այդ անբարենպաստ «ստատուս քվոն» վերացավ, երբ Հայաստան եկան ԵՄ դիտորդները:

ՀԱՊԿ-ն ու նրա շատ անդամներ երբեք Հայաստանի հանդեպ չեն կատարել իրենց դաշնակցային պարտավորությունները, բայց Հայաստանի նախորդ երեք իշխանություններն այնպիսի քաղաքականություն են վարել, որ գոնե՝ հանձին ՀԱՊԿ երկրների, ձեռք չբերենք նոր թշնամիներ:

Այս ճշմարտությունն է, որ չի հասկացել Փաշինյանն՝ ավելացնելով Հայաստանի առջև կանգնած անվտանգային ռիսկերը: