Հանդիպում կլինի, պայմանագիր՝ ոչ

Հանդիպում կլինի, պայմանագիր՝ ոչ

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոր հանդիպման պայմանավորվածություն չկա, երեկ Ազգային ժողովում հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։Միրզոյանը միաժամանակ չի բացառել առաջիկայում իր ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Իհարկե, Միրզոյանի պնդումն այնքան էլ միանշանակ չէ, որովհետև ԶԼՄ-ները երեկ տարածել են Ռուսաստանի նախագահի խոսնակի հարցազրույցի մի հատված, որը ենթադրում է, թե, այնուամենայնիվ, մինչև տարեվերջ Նիկոլ Փաշինյան- Իլհամ Ալիև հանդիպում հնարավոր է:

Պեսկովն ասել է, որ Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպում հնարավոր է կայանա Սանկտ Պետերբուրգում՝ Ամանորից առաջ ավանդաբար անցկացվող ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում։ «Ռուսաստանն, անկասկած, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը նման հանդիպումն իր մոտ անցկացնելու համար»,- նշել է նա։

Երեկ, ի դեպ, Հայաստանի ղեկավարությունն առաջին անգամ սրբագրեց իր լավատեսական գնահատականը, թե մինչև տարեվերջ հնարավոր է կնքել խաղաղության պայմանագիր:

«Վստահ չեմ, որ կհասցնենք մինչև տարեվերջ ունենանք պայմանագրի քիչ, թե շատ վերջնական տարբերակ, թեև այդպես էինք նախապես հայտարարել։ Դա մտադրության մասին հայտարարություն էր, որն ուժի մեջ է՝ հնարավորինս շուտ հասնել խաղաղությանը և համապարփակ կարգավորմանը։ Եթե չհասցնենք մինչև տարեվերջ, բանակցությունները կշարունակվեն դրանից հետո»,- երեկ խորհրդարանում հայտարարել է նախարար Միրզոյանը:

Ի դեպ, գալով բանակցային գործընթացին՝ նկատենք, որ կողմերի միջև համաձայնեցված չէ ոչ մի էական հարց: Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններից պարզ դարձավ, որ նախօրեին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը համաձայնության չեն եկել անգամ երկաթուղային հաղորդակցության ապաշրջափակման հարցում:

Փաշինյանի «խաղաղության դարաշրջանի» քաղաքականությունն ակնհայտորեն տապալվել է, եթե նույնիսկ այդ փաստը նա ու նրա թիմի անդամները քողարկում են գեղեցիկ դիվանագիտական բառապաշարով: