Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Հայկ Սարգսյանի խոսքը Սիմոնյանի համար «основание» չի

Blog Image

Այն, որ ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն, մամուլում նոր չէ, որ գրվում է, բայց այն, որ արդեն թիմակիցները կարող են հրապարակայնորեն միմյանց մեղադրել, զրպարտել, ներքին խոհանոցին վերաբերող ինչ-որ դրվագներ բացահայտել, թերևս նորություն է, եթե, իհարկե, բացառենք Փաշինյանին, որը սովոր է թիմից հեռացածների վերաբերյալ տարբեր բացահայտումներ, անձնական տարբեր խոսակցություններ հրապարակայնացնել այն ժամանակ, երբ իրեն հարմար է։

Ինչևէ, այսօրվա օրակարգային թեման շարունակում է մնալ «Հայկ Սարգսյան - Ալեն Սիմոնյան» մինի «պատերազմը», որը սկսվել է դեռ մարտից, երբ Սիմոնյանը կարգապահական վարույթ է նախաձեռնել Սարգսյանի նկատմամբ։

Սարգսյանի խոսքով՝ Սիմոնյանի դիմումը ներկայացվել է հենց այն օրը, երբ խորհրդարանում քննարկվում էր իր հեղինակած փաթեթը, որով առաջարկվում էր կրկնապատկել խաղային բիզնեսի հարկային բեռը։ «Այդ քայլը ես ուղիղ կապում եմ իմ նախագծի հետ»,- ընդգծեց պատգամավորը։

Նա նշեց, որ հետագայում ինքն էլ է դիմել Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու պահանջով, սակայն հարցը ամիսներ շարունակ չի քննարկվել։ Սարգսյանը նաև հերքեց կուսակցության հայտարարությունը, թե իրեն երկու անգամ հրավիրել են բացատրություն տալու, բայց չի ներկայացել։

Պատգամավորն ընդգծեց, որ 2019-ից սկսած իր գործունեությամբ թիրախավորել է խաղային ոլորտին սպասարկող շահերը և հենց այդ պատճառով մշտապես եղել է հարձակումների թիրախ։

Նշենք, որ ավելի վաղ ՔՊ վարչությունը հայտնել էր՝ Սարգսյանին հայտարարվել է խիստ նկատողություն։ Ըստ մամուլի հրապարակումների՝ հակասությունը ծագել է բուքմեյքերական ընկերությունների հարկերը բարձրացնելու նախագծի պատճառով, որին Սիմոնյանը դեմ է եղել։

Թեև Սարգսյանն այսօր փորձում էր դեռևս ինչ-որ ինտրիգ պահել, այնուամենայնիվ, նրա խոսքից պարզ դարձավ, որ Ալեն Սիմոնյանն անձնական շահեր ունի բուքմեյքերական ընկերություններից։ 

Մասնավորապես, լրագրողի հարցին, թե ի՞նչ կապ ունի Ալեն Սիմոնյանը «Վիվարոյի Վիգենի» հետ, Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Դուք ինքներդ լրագրող եք, կարող եք այդ հարցի պատասխանը գտնել»։ 

Սարգսյանի այս հայտարարության շուրջ Ալեն Սիմոնյանը չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ, ավելին, երբ լրագրողները հարցրին՝ արդյո՞ք չի ցանկանում անդրադառնալ Հայկ Սարգսյանի այսօրվա ասածներին, Սիմոնյանը հեգնական ժպտաց՝ ասելով, որ չի արձագանքի։

Դիտարկմանը, որ արդեն թիմակիցներն են սկսել իրեն քննադատել, Սիմոնյանն արձագանքեց՝ «մի հոգի ավել, մի հոգի պակաս, բան չի փոխվում»։

Այլ հարցերի Սիմոնյանը չպատասխանեց, այլ գնաց ԱԺ նիստերի դահլիճ՝ նիստը վարելու։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանն ասել էր, որ Հայկ Սարգսյանի հետ չի շփվում, ու թերևս պարզ է՝ ինչու չի անդրադառնում պատգամավորի ասածներին։ Ըստ էության, Հայկ Սարգսյանի խոսքը Սիմոնյանի համար «основание» չի։

Նարե Գնունի

Send