«Կարթնացնեն». ի՞նչ կլինի, եթե 10 օր հետո իմպիչմենտի գործընթաց չնախաձեռնվի

«Կարթնացնեն». ի՞նչ կլինի, եթե 10 օր հետո իմպիչմենտի գործընթաց չնախաձեռնվի

«Արթուն ենք» շարժումն անցնում է գործողությունների: Այսօր ԱԺ բոլոր պատգամավորներին կհանձնվեն Նիկոլ Փաշինյանին խելամիտ ժամկետում (10 օրվա ընթացքում) անվստահություն հայտնելու գործընթաց (իմպիչմենտ) նախաձեռնելու առաջարկով անհատական նամակներ:

Նամակները կհանձնի Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, որը նաև կներկայացնի պարզաբանումներ և բացատրություններ գործընթացի էության, տրամաբանության, հիմնավորվածության և ժամկետների վերաբերյալ։

MediaHub-ի հետ զրույցում Էդգար Ղազարյանը նշեց, որ այսօր նախատեսվում է միայն նամակների հանձնում ԱԺ բոլոր 107 պատգամավորների անունով, նրանց հետ հանդիպում կամ որևէ ակցիա նախատեսված չէ.

«Մենք որևէ բողոքի ակցիա կամ այլ գործողություն այսօր չենք նախատեսում, քաղաքացիներ չենք հրավիրել, պարզապես հրավիրել ենք ԶԼՄ ներկայացուցիչներին, որպեսզի ակցիայի մասին տեղեկացվի հանրությունը»,- ասաց նա:

Հարցին, թե ինչ կլինի 10 օր անց, եթե որևէ բան չփոխվի, և իմպիչմենտի գործընթաց այդպես էլ չնախաձեռնվի, մեր զրուցակիցն արձագանքեց․ «Ըստ էության, մենք տալիս ենք պատգամավորներին 10-օրյա ժամկետ, որպեսզի ամենքն իր խղճի մտոք որոշում կայացնի, քննարկեն, իսկ եթե ոչինչ չփոխվի, իմպիչմենտի գործընթաց չմեկնարկի, ապա այդ դեպքում մեր կողմից կլինեն գործողություններ»։ 

«Քանի որ մենք կարծում ենք, որ հանրային գործիչները, այդ թվում և պատգամավորները, պարտավորություններ ունեն: Եթե ժամկետը լրանալուն պես փոփոխություն չլինի, ապա մենք կխնդրենք դա անել հանրային մեծ ուժով»,- հավելեց Էդգար Ղազարյանը։