Հրազդան գետն ընկած ուկրաինացի երեխային դեռ չեն գտել․ նրան ոչ միայն գետում, այլև Երևանյան լճում են փնտրում

Ապրիլի 27-ին, ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում, մասնավորապես՝ Մանկական երկաթուղու տարածքում օտարերկրացի անչափահաս աղջիկն ընկել է Հրազդան գետը։ Նախնական տեղեկությամբ՝ նա Ուկրաինայի քաղաքացի է։ Փրկարարաներն անմիջապես սկսել են որոնողափրկարարական աշխատանքները, որոնց ներգրավված են նաև աղջկա հայրը, նաև պարեկներ և հասարակ քաղաքացիներ։ Այս պահի դրությամբ, սակայն, դեռ որևէ արդյունք չկա՝ երեխային չեն գտել։
ՆԳՆ-ից MediaHub-ին հայտնեցին, որ մասշտաբային որոնողական աշխատանքներ են իրականացնում, և երեխային որոնում են ոչ միայն Հարզդան գետի ամբողջ երկայնքով, այլև Երևանյան լճում, քանի որ Հրազդան գետը թափվում է Երևանյան լիճը։
Նշենք, որ երեկ մեկ այլ նմանատիպ դեպք էլ է տեղի ունեցել՝ Արագածոտնի մարզի Օշական գյուղում 4 տարեկան երեխան ընկել էր Քասախ գետը։ Դարձյալ գործի են անցել փրկարարները, նրանք գտել են երեխային, հանել գետից ու մոտեցրել շտապօգնության մեքենային, սակայն հիվանդանոցի ճանապարհին երեխան մահացել է։
Վահե Մակարյան