ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել իշխանամերձ ԶԼՄ-ի և Ռոման Բաղդասարյանի դեմ՝ ներազգային թ շնամանք տարածելու հիմքով

«Մտքի ուժը» և «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ իրավապահ մարմիններին՝ իշխանամերձ «Խոսնակ» լրատվական կայքի և օգտատեր Ռոման Բաղդասարյանի՝ արցախցիների հանդեպ ունեցած խտրական վերաբերմունքի, ատելության խոսքի ու տարանջատումների մասով։
Տվյալ ԶԼՄ-ն և տխրահռչակ Ռոման Բաղդասարյանը (վերջինս նաև իր անձնական բլոգով) ատելության խոսք են գեներացնում արցախցիների հանդեպ։
«Հաղորդման հիման վրա ի սկզբանե Ռոման Բաղդասարյանի մասով վարույթ նախաձեռնելու մասին որոշում եղել է, քանի որ առերևույթ հանցանքի մասին բոլոր փաստերն առկա են, իսկ «Խոսնակի» մասով՝ պատասխան ստացել ենք, որ վարույթ չի նախաձեռնվում։ Սակայն, մոտ 5 օր անց ՀՀ քննչական կոմիտեից հակառակ որոշում ենք ստացել, որ վարույթ, այնուամենայնիվ, նախաձեռնվում է։ Ավելացնեմ, որ չնայած վարույթին՝ Ռոման Բաղդասարյանը շարունակել է ներազգային ատելություն տարածել, առնվազն 2 անգամ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նման բնույթի հրապարակում է արել, ինչը ստիպել է ինձ միջնորդություն ներկայացնել, որ իրավապահ համակարգն այնպիսի խափանման միջոց ընտրի, որը թույլ չի տա հերթական անգամ հանցագործություն իրականացնելու»,- MediaHub-ին ասաց «Մտքի ուժը» ՀԿ նախագահ, քաղաքական գործիչ Արամայիս Աղաբեկյանը։
«Սա արցախցիների հարց չէ»,- ասում է մեր զրուցակիցը: Ըստ նրա՝ ներազգային թշնամանք տարածելը ՀՀ ազգային անվտանգության հարց է։
«Ես հետևողական եմ լինելու, որպեսզի այդ մարդիկ պատիժ կրեն։ «Խոսնակի» մասով ի դեպ նշեմ, որ խոսքը միայն արցախցիներին չի վերաբերում, այլ նաև գյումրեցիներին»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Արցախցիների կողմից կազմակերպված մեծ հանրահավաքից հետո պրոիշխանական համարվող լրատվական կայքն ու իշխանության «շահերը» ներկայացնող Ռոման Բաղդասարյանը լծվել են մի կարևոր առաքելության՝ ատելության խոսք տարածել տեղահանված արցախցիների դեմ։ Իսկ Գյումրու ՏԻՄ ընտրություններին՝ ՔՊ-ի կողմից քաղաքապետի պաշտոնը կորցնելուց հետո էլ սլաքներն ուղղվել են Շիրակ, այդպիսով բաժանարար գծեր դնելով հայ ժողովրդի միջև։
Նշենք, վարույթը «Խոսնակ» լրատվականի և Ռոման Բաղդասարյանի դեմ նախաձեռնվել է ներազգային թշնամանք տարածելու հիմքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Հունան Թադևոսյան